Առաջին հայացքից այս չափազանց պարզ ու աքսիոմատիկ ճշմարտությունը համարյա հանրային սենսացիայի վերածվեց: Անվերջ քննարկումներն ու լրագրողների հարցերը, որ դրանից հետո անընդհատ ուղղում են վարչապետին ու նրա թիմին, թերևս մեկ անգամ ևս ի ցույց դրեցին մեկ այլ պարզ ճշմարտություն. ոչ ոք չի հավատում, որ Հայաստանում բիզնեսը կարող է դուրս գալ ստվերից, կամ բոլորի համար կարող են լինել հավասար պայմաններ:
«Իմ եղբայրը զբաղվում է գործարարությամբ, գնամ ստուգեմ նաև իրեն` հարկերը վճարո՞ւմ է, թափանցիկ ներկայացնեմ: Ինչո՞ւ հենց վարչապետից չսկսեք»,- ՀՀԿ 15-րդ համագումարի մեկնարկից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հովիկ Աբրահամյանը` պարզաբանելով, որ երբ հայտարարել է, թե բիզնեսը ստվերից դուրս բերելու գործընթացը իրենից է սկսելու, նկատի է ունեցել հարազատ եղբորը: Հովիկ Աբրահամյանն ասել է նաև, որ որևէ նախարար գործարարությամբ զբաղվելու իրավունք չունի. <<Ինչի՞ մասին է խոսքը»: Հայտնի է սակայն, որ նախարարներն իրենց անունով բիզնես չեն էլ պահում: Փոխարենը Հովիկ Աբրահամյանի նման նրանք ևս գործարար եղբայրներ, քենիներ, զոքանչներ ու աներներ ունեն, և դա արդեն որևէ օրենքի խախտում չէ:
Վարչապետը գտնում է, որ ոչ մի դատապարտելի կամ վատ բան չկա, եթե բարձրաստիճան պաշտոնյաների հարազատները հաջողակ բիզնեսմեններ են: Իսկապես, ինչո՞ւ այդ մարդիկ բիզնես չունենան, հո կրակը չե՞ն ընկել, որ իրենց հարազատը կամ մերձավորը վարչապետ է կամ էլ ֆինանսների նախարար: Դատապարտելին այն է, երբ տվյալ բարձր պաշտոնը ծառայեցվում է կամ նպաստում է, որ մերձավորների բիզնեսը զարգանա, ընդլայնվի. «Օրինակ՝ ես դատապարտում եմ այն պաշտոնյային, ում որդին, ում բարեկամը, ում եղբայրը զբաղվում է բիզնեսով ու հարկային դաշտում չի հայտնաբերվում. դա է խնդիրը: Դրա համար հանձնարարել եմ հատուկ ուշադրություն դարձնել այն բոլոր նախարարներին, պաշտոնյաների բարեկամներին, ովքեր զբաղվում են բիզնեսով, հետաքրքրվել` հարկերը վճարո՞ւմ են, թե՞ ոչ»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Հենց այստեղ էլ թաքնված է շան գլուխը. ստուգումներ, այո՛, միշտ էլ լինում են բոլոր տնտեսվարողների մոտ: Բայց մի դեպքում այդ ստուգումից հետո տնտեսվարողների ողջ եկամուտը, որոշ դեպքերում անգամ շրջանառու միջոցներն էլ հետը քրթելով տանում են, մեկ այլ դեպքում էլ ոչ մի խախտում չի հայտնաբերվում: Որոշ ժամանակ անց այն ընկերությունը, որտեղ ամեն ինչ նորմալ է եղել, սկսում է ծլել-ծաղկել, իսկ մյուսը, որտեղ հարկայինը լուրջ ակտեր է գրել, սկսում է ձախողվել: Տարիների ընթացքում զարմանալի զուգադիպությամբ ստացվել է այնպես, որ ծլող-ծաղկող ընկերությունները հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների հարազատների բիզնեսն է եղել, մինչդեռ ձախողվածների մեջ բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներ համարյա չկան:
Փաստորեն ստացվում է, որ պաշտոնյաների հարազատները բիզնես ոլորտում բացառիկ տաղանդավոր են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց եղբայրը, խնամին կամ մտերիմը երկրի վարչապետ, ֆինանսների նախարար է կամ էլ մեկ այլ պաշտոնյա է: Համենայն դեպս, այս օրինաչափությունը անշեղորեն տարիներ շարունակ գործել է: Հիմա Հովիկ Աբրահամյանն ասում է, որ այդպես այլևս չի լինելու՝ լավ է աշխատում, բիզնեսը առաջ կգնա, վատ է աշխատում, եթե անգամ իր եղբայրն է, նախ կտուգանվի, հետո կսկսկի բոլոր հարկերը վճարել, իսկ եթե չի կարողանա, ուրեմն բիզնեսը կկորցնի:
Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն, օրինակ, հավատացել է այս ամենին. ինչպես լրագրողներին Հովիկ Աբրահամյանն է պատմել, ասել է անգամ, որ պատրաստ է հարկային դաշտում աշխատելու և օրինակ դառնալու /իմիջիայլոց, hayeli.am-ը այս մասին ավելի վաղ գրել էր-խմբ./ : Այն, որ շատ վաղուց ժամանակն է, թերևս մի բան էլ ուշացած է՝ բոլոր օլիգարխներին ու պաշտոնյաների հարազատ-բարեկամներին մաքուր օրինակ դարձնել, ոչ մի կասկած չի հարուցում: Խնդիրն այս ամենը իրականություն դարձնելու, ասվածը փաստարկելու մեջ է:
Ժամանակը ցույց կտա՝ Սամվել Ալեքսանյանն ու Հովիկ Աբրահամյանը օրինակ կդառնա՞ն, թե՞ ոչ:
Հավատալը դժվար է, թեպետ այլ ելք էլ արդեն չի մնացել:
Դավիթ Մանուկյան
Լուսանկարը՝ hetq.am-ի