Նրանց օգտին կա զարմանալի և ծանրակշիռ մի փաստարկ. նրանք պարզապես սիրում են մորը` <<Իմ մայրիկն աշխարհում ամենից լավն է>>: Ի՞նչը կարող է դրանից ավելի համոզիչ լինել: Ո՞վ և ի՞նչը իր իմաստնությամբ, անմիջականությամբ, հույզերի և զգացմունքների արտահայտչականությամբ կարող է մրցել դրա հետ: Ոչ ոք և ոչինչ…
Եվ, այնուամենայնիվ, միայն սերը քիչ է: Մորը պետք է նաև հարգել: Իսկ այդ հատկությունը երեխաների մեջ ինքնին չի առաջանում: Այն պետք է ձևավորել: Հենց այստեղ է, որ չափահասները, այդ թվում և մայրերը, թույլ են տալիս վրիպումներ: Չէ՞ որ երեխաներին դաստիարակելու դժվարին ճանապարհին հանդիպում են ստորջրյա քարեր, վտանգավոր հորձանուտներ, որոնք պետք է հաղթահարել:
Ենթարկվելով մանկական սրտի կանչին` մայրը մշտապես հոգսերի մեջ է: Արթնանալով` երեխաները տեսնում են մորն արդեն ոտքի վրա, իսկ քնում են` ծածկվելով նրա նուրբ ձեռքերով: Այս կերպ երեխաներն ընտելանում են մոր հոգատարությանը, ջերմությանն ու գուրգուրանքին: Արդյոք այսքան հասկանալի և բնական սովորությունը չի՞ փակում մայրերի անձնվեր սիրտը երեխաներից: Փակում է, պինդ է փակում, եթե մայրը երեխաներին չի սովորեցնում աշխատել, օգնության չի կանչում, չի պահանջում այդ օգնությունը: Այստեղ պետք է գործի մոր մանկավարժական իմաստնությունը:
Մոր սիրուց անշահախնդիր ոչինչ չկա: Բայց մայրը սպասում է, ամբողջ սրտով արձագանք է սպասում երեխաներից: Ոչ թե որպես շնորհակալություն, այլ որպես իր անդուլ աշխատանքի ու ջանքերի արդյունք: Իսկ երեխաները արդյո՞ք գիտակցում կամ զգում են դա:
Երեխաները դեռևս ի վիճակի չեն ըմբռնելու մայրական բարդ ապրումները: Մոր ամենօրյա հոգսերը, տանը նրա բազմազբաղությունը նույնիսկ փոքրիշատե չեն էլ համեմատում սխրանքի հետ: Սխրանքը երեխաների համար տնից հեռու, մեծ աշխարհում կատարվող ինչ-որ անսովոր արարք է: Իսկ այստեղ իրենց սովորական մայրիկն է, որին ամենից հաճախ տեսնում են աչքի չընկնող տնային աշխատանքում, երբեմն փնթփնթացող, ինչ-որ բան պահանջող, ինչ-որ բան արգելող…
Բնականաբար, մինչև չափահաս դառնալը` երեխաները շատ ճանապարհ ունեն անցնելու, բայց կյանքի առաջին իսկ տարիներին նրանք մի բարձունքի պարտավոր են հասնել: Մարդու բարոյական առաջին բարձունքը մոր նկատմամբ հարգանքն է:
Չսպասելով գիտակցության զարգանալուն, երբ երեխաները կկարողանան գիտակցել իրենց պարտքը, մոր նկատմամբ հարգանքը նրանց պետք է պատվաստել որպես զգացում:
Մորը սիրում է ամեն ոք, բայց բոլորը չէ, որ կարողանում և սովորել են խնայել ու գնահատել նրան: Մեծանում են երեխաները: Բոլորն էլ ձգտում են որքան հնարավոր է` շուտ աչքի ընկնել, ինքնուրույն և ուժեղ դառնալ: Չգիտակցելով, թե ումից է կախված իրենց ինքնուրույնությունը, ուժը, նշանակալից լինելը, երբեմն դադարում են մոր հետ հաշվի նստել. կարող են անփութորեն նետել` <<Սա քո խելքի բանը չէ>> կամ <<Դու չես հասկանում>> խոսքերը` չնկատելով, որ դրանով ևս մեկ կնճիռ են ավելացնում այնքան հարազատ դեմքին:
Իսկ հարգանքը թանկ է մոր համար, այն մայրական սիրո պատասխանն է, երախտագիտությունը` նրա աշխատանքի: Բայց դա նաև իրենց` երեխաներին է հարկավոր. մի՞թե այստեղ չեն սաղմերը շատ ու շատ հատկանիշների, որոնք հետագայում ձևավորում են մարդու հոգեկան կուլտուրան: Այստեղ է նաև ձևավորվում մարդուն գնահատելու կարողությունը, հարազատ և նվիրված մարդկանց դառնություն պատճառելուց խուսափելու ինքնասահմանափակման առաջին ջանքերը: Նաև եսասիրությունը` զզվելի ժանգահամի հատկությունը, եսասիրություն, որ կարող է առաջանալ երեխաների մեջ, իսկ հետո վերջնականապես իր եսամոլությամբ, շրջապատի նկատմամբ սպառողական վերաբերմունքով փչացնել մարդուն:
Մեծ, խորը պետք է լինի մոր նկատմամբ հարգանքը: Այդպիսի հարգանք պետք է սովորեն բոլորը, հատկապես` պատանիները: Դա հիշո՞ւմ ենք արդյոք: Դրա համար ունե՞նք բավականաչափ քաղաքացիական կուլտուրա և մարդկայնություն:
Սովորաբար, երբ մեր կողքին է մայրը, հաճախ ենք նրան մոռանում: Այսպես մարդը կարող է մոռանալ միայն ինքն իրեն: Բավական է կարճատև անջատում կամ ամենասարսափելին` հավերժ բաժանում, այդ ժամ ենք միայն զգում այն անտանելի դատարկությունը, որ միայն մայրը կարող է լցնել, ուրիշ ոչ ոք:
Մոր և մայրության մասին…
Comments are closed.