– Ըստ Ձեզ, ինչի՞ համար է պետք դիտել այս ներկայացումը:

-Իմ կարծիքով ներկայացումը շատ հետաքրքիր է ստացվել, ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնից և ֆիլմերից շատ սիրված դերասաններ, իսկ ներկայացման թեման շատ ակտուալ է մեր իրականության համար: Յուրաքանչյուր հանդիսատես, դիտելով այս ներկայացումը, հուսով ենք կմտածի և կոնկրետ հետևություններ կանի:

– Գիտենք, որ այս ներկայացումը բեմադրվել է ռուսական թատրոնում և ռեժիսորը Դուք եք եղել: Ո՞րն էր պատճառը, որ որոշակի փոփոխությունների ենթարկվեց ներկայացումը:

-Այո, 4 տարի առաջ ես այս ներկայացումը բեմադրել եմ Ռուսաստանի փոքր բեմում, բայց վստահեցնում եմ հանդիսատեսին (ովքեր դիտել են նախկին ներկայացումը , որ սա նոր լուծումներ ունի, նոր կատարողներ և ընդհանրապես այստեղ ամեն ինչ նորովի է: Իսկ թե ինչու ես վերադարձա այս պիեսին, կպատասխանեմ հետևյալ կերպ` որովհետև այն ինձ շատ է դուր գալիս, և Ռուսաստանում ես չկարողացա իմ բոլոր մտահղացումներն իրականացնել: Կցանկանայի նշել, որ ներկայացման մեջ խաղալու են դերասաններ, ովքեր եղել են նախորդ ներկայացման մեջ, բայց նրանց համար նույնպես ամեն ինչ նոր է լինելու:

...

– Հարցը կես լուրջ կես կատակ: Ձեր նոր ներկայացման վերնագիրը շատ խոստումնալից է․ ըստ Ձեզ այն կփակի, թե՞ կբացի մեր օլիգարխների «ախորժակը»:

-Ներկայացումը հաջողակ բիզնեսմենի մասին է, ով ամեն ինչ ունի, բայց նրա կյանքում չկա ամենակարևորը` սիրած անձնավորություն, ով կլինի նրա կողքին: Իսկ թե ի՞նչն է պատճառը, դա ես չեմ պատմի: Մարդը, լինի նա օլիգարխ, թե հասարակ ծառայող, կամ ցանկացած մեկը, եթե նրա կյանքում չկա ամենակարևորը` սերը, նա չի կարող երջանիկ և լիարժեք լինել:

– Ըստ Ձեզ, մեր օրերում դերասանին ճանաչում են սերիալից, հետո՞ նոր բեմից:
– Ցավոք, մեծամասամբ այո: Սակայն սերիալների շնորհիվ մեր դերասաններին սկսել են ճանաչել, և դա հիանալի է: Շատերը սկսել են հաճախել թատրոն դերասանների համար: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե հակառակը լիներ, բայց դա փաստ է:

– Ինչպե՞ս ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:

– Ես մասնագիտությամբ ռեժիսոր և դերասանուհի եմ: Իսկ ինչպես ընտրեցի մասնագիտությունը՝ ինքը ընտրեց ինձ, և ես երջանիկ եմ: Մեծ ցանկությունը և <<Պարոն ամենակարող>> պատահականությունը: Դա հենց այն դեպքն է, երբ մարդն իրեն չի պատկերացնում առանց թատրոնի․ դա ախտորոշում է ողջ կյանքի համար:

– -Ո՞րն է ամենակարևոր հատկանիշը, որ պետք է ունենա դերասանը, իհարկե, բացի մասնագիտության նկատմամբ ունեցած սիրուց:

-Համբերությունը, տաղանդը և աշխատասիրությունը,

Ինչպես ասել է մի մեծ ռեժիսոր, -եթե չսիրես այն ինչո՞վ պետք է զբաղվես․ այդ մասնագիտության մեջ դու շատ խիստ պատժված կլինես.

...

– Որպես ռեժիսոր հավատու՞մ եք թատրոնին բնորոշ սնահավատություններին, օրինակ, պրեմիերայից առաջ այդպիսի սովորույթ կա, որ փակում են վարագույրները, կամ, երբ ռեժիսորի ձեռքից ընկնում է պիեսը, պետք է նստի վրան… և նմանատիպ այլ բաներ:

-Այո՛, այո՛, ես սնահավատ մարդ եմ: Հավատում եմ նախանշաններին: Ինքս էլ, մեկ անգամ չէ, որ համոզվել եմ, որ ինչ կատարվում է, հենց այնպես չի կատարվում: Երբ սկսվում է ներկայացումը, ես, նախքան ներկայացման ազդարարումը, միշտ բեմում հանդես գալուց առաջ արտաբերում եմ հետևյալ արտահայտությունը` Նշանաբան: -Այո՛, ես սնահավատ մարդ եմ` ինչպես արվեստագետների մեծ մասը:

-Ո՞վ կամ ի՞նչն է հանդիսանում Ձեր համար ոգեշնչման աղբյուր:

-Սերը ներշնչում է ավելի ուժեղ, քան ողջ մնացածը: Չ՞է որ հանուն սիրելի անձնավորության դու պատրաստ ես սարեր շուռ տալ, հանդուրժել դժվարություններն ու զրկանքները, և մնացած շատ ուրիշ բաներ: Հետո ոգեշնչել կարող են նաև կյանքում քո ունեցած հաջողությունները: Կարող են ներշնչել նաև ընտանիքիդ անդամներին, ընկերներիդ, աշխատավայրում գործընկերներիդ և ողջ հասարակության հաջողությունները: Եվ ամենավերջին տեղում նաև մարդու առողջությունը: Միայն առողջ մարդն է կարող, ընդունակ շատ բաների, իսկ հիվանդությունը խորտակում ու բեկում է տրամադրությունը և ցանկությունը արարելու ինչ-որ բան, նույնիսկ կյանքի հանդեպ ունեցած ձգտումն ու փափագը: Եվ ամենագլխավոր իմ ներշնչանքը իմ որդին է:

– Դերասան կամ դերասանուհի, ում առանձնացնում եք բոլորից:

-Ես շատ դերասանների եմ համակրում, եթե առանձնացնեմ, ապա Եվգենի Միրոնով:

– Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել հայ թատրոնի հանդիսատեսին:

-Թատրոնը պետք է լուսավորի միտքը: Այն պետք է մեր ուղեղը լցնի լույսով… Թո՛ղ այն ազգին սովորեցնի տեսնել իրեր, մարդկանց և թեկուզ հենց իրենք իրենց և պարզ դատել այդ ամենի վերաբերյալ: Ուրախություն, ուժ և լուսավորում` ահա՛ թատրոնի երեք նախապայմանները: Կեցցե՛ մարդկանց կենդանի, ուրախ, հասկանալի և հասանելի թատրոնը, այնպիսին, ինչպիսին այն կանխորոշված էր դարերով, և տա՛ Աստված, որ թատրոն ավելի շատ երիտասարդներ այցելեն:

Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել ներկայացման բոլոր կազմակերպիչներին: Բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ, և նրանց, ովքեր պարզապես երկրպագել ու ոգևորել են մեզ, դերասաններից` Յուրի Իգիթխանյանին, Լենա Եսայանին, Յուլյա Ֆինկին, ով նաև հանդիսանում է նկարիչը ներկայացման, Տաթև Մելքոնյանին, Յանա Գաբրիելյանին և Անուշ Բրուտյանին, ինչպես նաև մեր շոու-բալետին և պարուսույց Դավիթ Աղաջանյանին: Նրանք ոչ միայն տաղանդավոր դերասաններ են: Նրանք հրաշալի մարդիկ են և իմ ընկերները: Երախտիքս եմ հայտնում նաև մեր տնօրենին` Էմիլյա Հարությունյանին, և մեր պրոդյուսերին` Արտյոմ Կարապետյանին, և բոլոր-բոլոր նրանց, ովքեր իրենց փոքրիկ լուման են ներդրել կոնկրետ հենց այս ներկայացման ստեղծման համար: Իհարկե նաև դրամատուրգ Գաննու Սլուցկիին: Բոլորիդ անչափ մարդկային շնորհակալություն:

Մենք էլ բոլորի և մեր անունից Ձեզ ենք շնորհակալություն հայտնում և մաղթում ենք հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ Ձեր ստեղծագործական գործունեության մեջ:

Հիշեցնենք, որ ներկայացման պրեմիերան կկայանա հունիսի 17,18,24,25 -ին` Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, սկիզբը` ժամը 19:00-ին:

...