Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց անչափահաս՝ 1996 թվականի նոյեմբերի 13-ին ծնված Արման Մ.-ի գործի դատական քննությունը: Թեմային անդրադառնում է “Ժամանակ”-ը:
Երեւանի թիվ 65 ավագ դպրոցի 12-րդ դասարանն ավարտող Արմանն իր դասարանի հետ Վերջին զանգի տոնական միջոցառումներին չմասնակցեց, նա դատարանում էր՝ ամբաստանյալի աթոռին:
Ըստ մեղադրանքի՝ Արմանը 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 12-ն անց 40 րոպեին իրենց դպրոցում աղջկա հարցով պարզաբանում ստանալու համար դասարանից դուրս է կանչել 11-րդ դասարանցի Միքայելին:
Վերջինիս հետ անմիջապես դասարանից դուրս են եկել նաեւ նրա մի քանի դասընկերները, այդ թվում՝ ներկա գործով տուժողներ Ռոլանդն ու Էրիկը:
Արմանի ու Միքայելի միջեւ վիճաբանություն է ծագել հենց դպրոցական միջանցքում:
Արմանը ձեռքով հարվածել է Միքայելին:
Ապա խառնվել են վերջինիս դասընկերները, եւ տուժել են հենց նրանք՝ Ռոլանդն ու Էրիկը:
Արմանը, ըստ մեղադրանքի՝ երկու անձի մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ռոլանդի գոտկային շրջանին, ինչպես նաեւ Էրիկին՝ երկուսի առողջությանն էլ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով: Տուժողներն ապաքինվել են:
Արման Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ընդհանուր իրավասության դատարանում Արման Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար:
Մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսվում է առավելագույնը՝ 5 տարի ազատազրկում:
Արմանի ասելով՝ հանցագործության գործիք դանակն իր մոտ չի եղել, ինքն այն նկատել ու վերցրել է… դպրոցական միջանցքի հատակից:
Ամբաստանյալը կալանքի տակ չէ: Նա հանձնվել է ծնողների հսկողությանը:
Շարունակությունը թեթրի այսօրվա համարում:
Աղբյուր՝ hayeli.am