Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության» համաշխարհային անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացրել է փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:
Հունիսի 11-13-ը անցկացված գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի 120-ից ավելի պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ-ի տարբեր կառույցների ղեկավարներ, բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ գագաթնաժողովի նպատակն էր պատերազմների և հակամարտությունների ընթացքում բռնաբարությունների և սեռական բնույթի այլ հանցագործությունների կանխարգելումը և հետագա բացառումը, անպատժելիության մթնոլորտի վերացումը, բռնության զոհերի պաշտպանությունը և իրավունքների վերականգնումը, անցյալ և ներկա ոճրագործությունների իրականացնողների պատասխանատվության ենթարկումը` ապագայում նման հանցանքների կրկնությունը բացառելու նպատակով:
Աղբյուր՝ hraparak.am