Նախ վերջինս տեղեկացրել է, որ «վերջին հինգ տարվա ընթացքում, այս տարի առաջին անգամ, Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին, որպեսզի միջնորդ հանդես գա՝ զինադադարի ռեժիմը առաջին գծում պահպանելու ուղղությամբ»:

Ղարաբաղը տվել է իր համաձայնությունը, սակայն հետագայում Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունը, իսկ ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նկատմամբ պատժիչ գործողություններ են իրականացրել:

«Մեր հատուկ ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած ժամանակ, ցանկացած եղանակին, ցանկացած դիրք գրավել»,- նշել է ՊԲ հրամանատարը:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի խնդրանքը` առաջնագծում զինադադարի պահպանման վերաբերյալ պայմանավորված է հետևյալ փաստով. տարեսկիզբը նշանավորվեց ադրբեջանական դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների աննախադեպ ակտիվությամբ, ինչի արդյունքում ԼՂՀ ՊԲ և ՀՀ ՊՆ առաջապահ ստորաբաժանումները կորուստներ ու վիրավորներ ունեցան: Որպես պատասխան քայլ, հայկական կողմն ընտրեց կոշտ գործողությունների մարտավարություն, ինչը դրսևորվում էր ոչ միայն դիպուկահարների կտրուկ ակտիվացմամբ, այլ հայկական հատուկ ստորաբաժանումների կողմից, հակառակորդի տարածքում աննախադեպ պատժից գործողությունների իրականացմամբ:
Ձախողելով առաջնագծում լարվածություն մտցնող իր ծրագիրը, Ադրբեջանը ստիպված է եղել դիմել ՌԴ-ի միջնորդությանը` խուսափելու առավել մեծ կորուստներից, սակայն նկատի ունենալով հետագայում շարունակված սադրանքները, կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Բաքուն իրականում մարտավարական նահանջի է դիմել:

Երկրորդ կարևոր շեշտադրումը պաշտպանության բանակի հրամանատարի հայտարարություններում այն էր, թե`«Մենք մեսիջ ենք ուղարկել հակառակորդին` որ դիրքից կրակեցին մեր զինվորի վրա, այդ դիրքը կարճ ժամանակում գրավելու ենք: Իսկ դա գործնականում արդեն ապացուցել ենք՝ 2-րդ ՊՇ-ում: Երբ հակառակորդի դիպուկահարի կրակոցից խոցվեց մեր զինվորը, մենք անմիջապես գրավեցինք նրանց դիրքը, որի ժամանակ հակառակորդը չորս զոհ տվեց»:
Նախ Մ. Հակոբյանը պաշտոնապես տեղեկացնում է մի օպերացիայի մասին, որի մասին Արցախում տևական ժամանակ շշուկներ էին շրջանառվում: 2-րդ պաշտպանական շրջանում, հակառակորդի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի խոցմանն ի պատասխան, ՊԲ հատուկ ստորաբաժանումները մուտք էին գործել այն մարտական հենակետը, որտեղից «դիպուկահար էր աշխատել» ու հակառակորդին կորուստներ հասցրել, ընդ որում` դա տեղի էր ունեցել ցերեկային ժամերին:
Այստեղ կարևորը հետևյալն է. ամեն անգամ, երբ հակառակորդն շփման գծում ակտիվանում էր, հայկական կողմը խոսում էր ադրբեջանցիներին անհամաչափ` «1-ին 10» սկզբունքով հակահարված հասցնելու մասին: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս մարտավարությունը որպես այդպիսին իր կանխարգելող խնդիրը չկատարեց: Համենայնդեպս, այս փուլում, նպատակահարմար էր վերանայել այդ մոտեցումը: Պատճառը պարզ էր, Ադրբեջանի ռազմա-քաղաքական իշխանությունն իր նպատակն իրականացնելիս ոչ մի բանի առաջ չէր կանգնում, այդ թվում` սեփական կորուստների:
Այս իրավիճակում, տակտիկական փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն կար, պետք էր ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչպիսի անհամաչափ քայլեր պետք է իրականացվի, որպեսզի այն զսպող դեր կատարի` Ադրբեջանին հնարավորինս զերծ պահելով առաջնագծում կտրուկ լարվածություն առաջացնող գործողություններից:
Ընտրվել է իրականացման առումով ոչ հեշտ, մեծ պրոֆեսիոնալություն պահանջող, սակայն առավել արդյունավետ ճանապարհ:
Այսուհետև «1-ին 10»-ը տակտիկական քայլին կփոխարինի «1 կորուստի դիմաց 1 դիրք» սկզբունքը: Ի տարբերություն նախորդ տակտիկական լուծման, այս դեպքում, հակառակորդի ակտիվացման դեպքում, Ադրբեջանը ոչ միայն մարդկային, այլ դիրքային կորուստներ կունենա: Զսպման մեխանիզմների առումով, այս տարբերակն առավել արդյունավետ է…Ֆեյսբուքյան իր էջում գրում է Տիգրան Աբրահամյանը

blogbox.am