Երբ նորածինը լույս աշխարհ է գալիս, նորածնի հանդեպ մայրական զգացմունքները և սերը ավելի են մեծանում: Մայրական զգացմունքները, որպես օրենք, ավելի ուժեղ են հայրական զգացմունքներից, քանի որ մայրը ի սկզբանե մոտ է երեխային, ավելի շատ անքուն գիշերներ է անցկացնում երեխայի օրորոցի մոտ, ավելի շատ է անհանգստանում երեխայի դաստիարակության բախտի համար, քան` հայրը:
Կնոջ ընտանիք ստեղծելու և մայր դառնալու ցանկությունը տարբեր պատճառներով են առաջ գալիս, ելնելով նրանց նյութական, հոգևոր պահանջմունքներից, ամուսնական կյանքին պատրաստվածության մակարդակից, բնավորությունից, խառնվածքից, հայացքներից, հետաքրքրություններից և այլն: Այսպես, օրինակ, եթե որոշ կանայք պատկերացնում են մայրությունը` որպես կնոջ օրգանիզմին հատուկ սերնդի շարունակության գործընթաց և երեխա են ծնում չնայած այն հանգամանքին, թե արդյոք դաստիարակված է նրա անձնական կյանքը, թե ոչ, ապա մյուսներն օգտագործում են երեխայի ծնունդը` որպես փրկության միջոց ամուսնանալու համար: Ոմանք էլ ամուսնանում են, չպլանավորելով երեխա ունենալ, այլ միայն այն բանի համար, որ բավարարեն իրենց սեռական ցանկություները ամուսնական կյանքի հարմարավետ պայմաններում: Այդ իսկ պատճառով էլ` ունենալով մայրության հանդեպ տարբեր մոտեցումներ, կանայք տարբեր կերպ են արձագանքում երեխաների լույս աշխարհ գալուն:
Չի կարելի համաձայնվել այն մարդկանց հետ, ովքեր, հենվելով հասարարակական այն թեզիսի վրա, որ <<մայրը սերնդի ստեղծողն է և ընտանիքի հիմքը>>, կարծում են, որ եթե կինը ծնել է երեխային, ապա անհրաժեշտ է հարգել նրան: Այնուամենայնիվ, անկախ այն բանից, թե ինչ սխալներ է մայրը բացթողնել իր երեխայի դաստիարակության գործընթացում և ինչպիսի հարաբերություններ է նա պահպանել նրա հետ, նա երբեք թույլ չի տալիս, որ ինչ-որ մեկը կողքից իր հեղինակությունը ձեռք տա: Նման դեպքերում նպատակահարմար է, որ մոր և երեխաների միջև անկեղծ զրույց լինի, որոնք էլ, հաշվի առնելով իրենց սխալները, մոր օբյեկտիվ հնարավորությունները, օբյեկտիվորեն գնահատեն նրա հարաբերությունն իրենց հանդեպ: Անհրաժեշտ է հիշել, որ եթե սխալը, որը երեխայի կողմից բաց է թողնվել վաղ տարիքում, լուծելի է, ապա մոր կողմից երեխաների դաստիարակության գործընթացում բաց թողնված սխալը ճակատագրական է և դառնում է երեխաների փոխհարաբերությունների վատթարացման պատճառ: Ահա թե ինչու յուրաքանչյուր մայր պետք է իմանա` որպեսզի ապահովի իր երեխաների հետ լավ փոխհարաբերություններ, նա պետք է <<իր մեջ ձևավորի հոգեկան կապվածություն իր սեփական երեխայի հանդեպ>>: Հենց հոգեկան կապվածությունն է խթանում մորը իր հոգին դնել երեխաների դաստիարակության մեջ և հնարավորինս օգնել նրանց: Այդ օգնության գործընթացում շատ կարևոր է, որ մայրը զոքանչի կամ սկեսրոջ դերում օբյեկտիվորեն մոտենա իր հասուն երեխաների ընտանեկան խնդիրների լուծմանը: Նա պետք է ոչ միայն աջակցի իր աղջկան կամ տղային, այլ նաև շատ ընտանեա-կենցաղային իրավիճակներում կանգնի անօգնական հարսիկի կողքին կամ ճիշտ գնահատի աղջկա հարաբերությունները փեսայի հետ: Ուշադիր, խնամքով և օբյեկտիվ ուշադրությունը` մոր կողմից սկեսուրի կամ զոքանչի դերում, թույլ է տալիս երիտասարդ զույգերին ոչ միայն պահպանել իրենց փոխհարաբերությունները իրենց ծնողների հետ յուրաքանչյուր հասակում, այլ նաև փոխանցել բարի ու ցանկալի ավանդույթները նոր սերնդին: Որպես պատասխան վերջիններիս հոգատարությանը` երեխաներն էլ, իրենց հերթին, կփորձեն օգնել իրենց ծնողներին`արտահայտելով նրանց հանդեպ ունեցած իրենց ողջ երախտագիտությունը, ջերմությունն ու հոգատարությունը:
Բայց ինչպես կարող ենք չվիրավորվել այն մորից, ով իր երեխային ուղարկում է գիշերօթիկ, որպեսզի երկրորդ անգամ ամուսնանա: Կամ մի՞թե քիչ են դեպքերը, երբ կինը չունենալով իսկական մայրական զգացմունքներ, երեխային ուղղակի դաստիարակում և ուշադրություն է դարձնում միայն այն ժամանակ, երբ նա շատ փոքր է, ենթադրելով, որ հետագայում նրա մասին հոգ կտանի դպրոցը: Եվ ստացվում է այնպես, որ ամենապատասխանատու պահին, երբ երեխային աջակցություն, օգնություն է պետք լինում, նրա կողքին այլևս չի լինում մայրը: Այս ամենը բերում է այն բանին, որ նման մայրերի մեծացրած երեխաները ոչ միայն իրենք են դժբախտ լինում իրենց ինքնուրույն, աշխատանքային և ամուսնական կյանքում, այլ նաև դժբախտացնում իրենց երեխաներին, քանի որ աղջիկը, որը մեծացել է էգոիստ մոր հետ, չունի դրական կյանքի փորձ, և ինքն էլ մայրանալով, չի կարող այն փոխանցել իր երեխաներին: Ավելին, հաճախ նա ոչ միայն չի կարողանաում, այլ նաև հետաքրքրված չէ երեխային տալ այն, ինչը նա ժամանակին չի ստացել իր մորից:
Շարունակելի….

Հոգեբան-սոցիոլոգ Անուշ Պետրոսյան