ԱՄՆ-ի դպրոցներից մեկի տնօրինությունն իր աշակերտ Էրիկ Լոպեսի մանկական չարաճճիությունը որակել է որպես սեռական բնույթի այլասերվածություն։ Ինչպես նշում է РИА-Новости-ն, 5-ամյա փոքրիկն ընդմիջման ժամանակ հրապարակայնորեն իջեցրել է տաբատը, ինչը ոչ միանշանակ է ընդունվել տնօրինության կողմից։

Այս ամենի հետևանքով փոքրիկի անձնական գործում նշվել է, որ նա իրականացրել է կարգապահական լուրջ խախտում։ Այս անցանկալի նշումը կմնա Էրիկի անձնական գործում այնքան ժամանակ, քանի դեռ նա կսովորի տեղի դպրոցներում։

Բացի այդ, երեխային ստիպել են մի փաստաթուղթ ստորագրել, որտեղ նա խոստովանել է, որ նման միջադեպ տեղի է ունեցել։
Էրիկի մայրը տևական ժամանակ պայքարել է, որպեսզի նշումը հեռացվի, սակայն նրա պահանջը չի բավարարվել։ Կնոջ խոսքով՝ դպրոցի տնօրինությունը հաշվի չի առել տղայի տարիքը։


Աղբյուր՝ www.tert.am