ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կանցկացվեն ամենասեղմ ժամկետներում, եւ մեղավորներն օրենքով նախատեսված պատիժ կկրեն:
Ռուսաստանի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստան ժամանակ ռուսաստանցի բժիշկները հայ գործընկերների հետ անհրաժեշտ ամեն ինչ կանեն՝ ողբերգության արդյունքում ողջ մնացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին բարձրորակ բուժօգնություն ցուցաբերելու համար: Պուտինը վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բժշկական ինքնաթիռ ուղարկել՝ հետագա բուժման նպատակով փոքրիկին Մոսկվա տեղափոխելու համար:
Բացի այդ, հեռախոսազրույցում Պուտինն եւ Սարգսյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է։ Գործը քննում է ռուսական կողմը։ Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: