Հանդիպումների քանակը՝ 4

Ինչո՞ւ են միշտ ասացվածքներն այդքան դիպուկ լինում: Ինչո՞ւ հնարավոր չէ «երկու երնեկը» համատեղել: Ես ունեմ շատ լավ աշխատանք և սիրած տղամարդ: Բայց վերջերս զգում էի, որ ինձ ինչ-որ բան խանգարում է: Ես «կարիերիստ» չեմ, բայց այդուհանդերձ հասկանում էի, որ մասնագիտական առաջընթացն ինձ անհրաժեշտ էր, ու ես կարող էի դեռ շատ բաների հասնել: Միաժամանակ հասկանում էի, որ ինչքան էլ կարևոր լինի աշխատանքը, ընտանիքն առաջնային է: Արդյո՞ք կարելի է լինել լավ կին ու լավ մայր՝ միաժամանակ լինելով լավ աշխատակից:

Հարցեր էի տալիս ինքս ինձ, բայց կողմնորոշվել չէի կարողանում: Ինքս ինձ կանգնեցնում էի ընտրության առջև. մի կողմից՝ աշխատանք և հնարավոր մասնագիտական աճ, իսկ մյուս կողմից՝ ընտանիք, երեխաներ: Այդ մտքերն անընդհատ պտտվում էին ուղեղումս, քանի որ ընկերս նշանադրվելու առաջարկ էր արել ինձ: Երբ նա ասաց այդ մասին, ուրախանալու փոխարեն սկսեցի նրան համոզել, որ դեռ շուտ է, մենք դեռ շատ բաների պիտի հասնենք: Նա պատասխանեզ, որ մեր առաջ գնալուն միասին լինելը չի խանգարի: Ես առանց մտածելու ասացի.

-Հիմա նշանվենք, հետո կասես արի ամուսնանանք, իսկ հետո երեխա կունենանք, ու ես ոչ մի բանի չեմ հասնի կյանքում:
Ես չգիտեմ՝ ինչու այդպես արձագանքեցի, բայց երբ տեսա նրա հայացքը՝ հասկացա, որ հիմարություն եմ ասել ու նեղացրել նրան:
-Երևի թե ժամանակն է հասկանալու՝ ինչն ես ավելի շատ կարևորում քո կյանքում:

Ես հասկանում էի, որ սխալ եմ վարվել: Հետո երկար մտածում էի նրա խոսքերի մասին։ Ամենավատն այն էր, որ ես իսկապես չէի կարողանում հասկանալ, թե ինչին եմ ավելի կարևորություն տալիս կյանքիս այս փուլում: Ես չէի ուզում նրան կորցնել, չէի ուզում մենակ լինել, բայց միաժամանակ չէի ուզում հրաժարվել աշխատանքից կամ թերանալ: Ես իսկապես դժվար իրավիճակում էի հայտնվել և ուզում էի, որ ինձ ինչ-որ մեկն ուղղություն ցույց տա: Որոշեցի դիմել հոգեբանի օգնությանը:

-Ցանկացած տեսակի որոշում կայացնելը բավական լուրջ գործընթաց է, հատկապես՝ նման հարցերում, երբ ճակատագրական որոշումներ կայացնելու խնդիր է առաջանում: Ցանկացած որոշում կայացնելիս սխալվելու հավանականությունը չափազանց մեծ է, այսինքն՝ խնդրի որ կողմն էլ բռնես, շատ հնարավոր է, որ սխալվես: Ավելի պարզ լեզվով ասեմ. ունենք երկու հավասար կարևոր խնդիր, որոնք հավասար կշիռ ունեն, և որն էլ ընտրես, անկասկած չընտրած տարբերակի համար ափսոսելու ես:

– Ես գիտեմ, որ այդ հավանականությունը կա և ուզում եմ հասկանալ, թե ինչ քայլեր կարող եմ ձեռնարկել չսխալվելու համար:
– Չսխալվելու համար նախ և առաջ ազատվիր իրավիճակը վերահսկելու և կառավարելու խաբկանքից: Այսինքն, եթե որոշես ընտրել կարիերան և ոչ անձնական կյանքը, միևնույն է, չես կարողանալու անվերապահորեն կառավարել իրավիճակը։ Իհարկե կարիերայի հետագա զարգացումը որոշ չափով հնարավոր է կանխագուշակել, բայց միշտ կլինեն քեզնից դուրս և քեզնից վեր գտնվող հանգամանքեր, որոնք հնարավորություն չեն տա ամեն ինչ վերահսկել: Արդյունքում, երբ հասկանաս, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկել հնարավոր չէ, կկանգնես այսպիսի մի խնդրի առաջ. կարիերան ՝ որպես առավել ապահով և վերահսկելի տարբերակ, դառնում է այնքան անկայուն, որքան էմոցիոնալ ընտանեկան հարաբերությունները: Այս հարթության վրա երկուսը նորից խաչվում են ու դառնում հավասար:

-Ես չգիտեմ՝ ինչ անեմ: Անընդհատ պտտվում եմ նույն փակ շրջանում:

-Լավագույն լուծումը ճիշտ և ըստ կարևորության դերաբաշխում անելն է: Այսինքն՝ ընտանիքում պետք է լինի միայն ընտանիքը, և աշխատանքն ու աշխատանքային բարդ հարաբերությունները գրասենյակի պատերից չպետք է դուրս գան: Արդյունքում՝ դու կկարողանաս համատեղել և՛ առողջ ընտանեկան հարաբերությունները, և՛ հաջող աշխատանքային կարիերան:

Հոգեբանի սենյակից դուրս եկա մի տեսակ թեթևացած: Այդ հանդիպումն ինձ օգնեց դադարեցնել ինքս ինձ համար սկսած անվերջանալի մրցավազքը: Ինձ հաջողվեց հասկանալ, որ պարտադիր չէ նման զոհերի գնալ, և կարելի է այնպես անել, որ ոչ ոք չտուժի: Աշխատանքային ժամերին ես կարող եմ ողջ նվիրվածությամբ և ջանասիրությամբ աշխատել, իսկ հետո ունենալ իմ անձնական կյանքը:
Երբ մենք հանդիպեցինք, ընկերս դեռ շատ զայրացած էր: Ես հասկանում էի, որ հիասթափեցրել եմ նրան. նաև հասկանում էի, որ բավական ժամանակ կպահանջվի այդ ամենը հարթելու համար: Որոշում կայացնելն ինձ համար ավելի հեշտ էր դարձել, քանի որ հոգեբանի խոսքերն ինձ վրա շատ մեծ ազդեցություն էին թողել: Ես կարողացա տարանջատել ինձ համար առաջնայինը երկրորդականից. աշխատանքն իր տեղն ունի, իսկ անձնական կյանքն՝ իր:

Այս դեպքից անցել է երեք ամիս: Ամեն ինչ ավելի հեշտ եղավ, քան պատկերացնում էի: Ես հասկացա, որ կարելի է չընկնել ծայրահեղությունների մեջ, և պետք է միշտ հիշել, որ հնարավոր է գտնել ոսկե միջինը: Հիմա ինձ հաջողվում է լինել լավ աշխատակից, և ընկերս էլ չի բողոքում ինձանից:
Ես երբեք չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր նախապատվությունը տալիս են աշխատանքին կամ միայն ընտանիքն. մեզանից յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի:
Ես ինքս հասկացել եմ, թե որն է իմ առաքելությունը. այն է՝ ամուր ընտանիք… և նաև լավ աշխատանք:

cosmo.am