Երկարատև ստեղծագործական դադարից հետո երգչուհի Հասմիկ Կարապետյանը վերադառնում է նոր երգով, և, կարծես թե, նաև նոր ոճով: Մինչ այս, նրա երգերը հիմնականում եղել են սիրո, վերացական պայքարների մասին: «Աշխատում ենք նոր ստեղծագործության վրա: Երաժշտության հեղինակը ես եմ, գործիքավորում է Դեր Հովան, խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը: Երգը կոչվում է «Պիտի ապրես»:
Այն այժմ երաժշտական գործիքավորման փուլում է: Երբ երաժշտությունը գվեց, հասկացա, որ այս երաժշտության համար ավելի «ուժեղ» տեքստ պետք է գրվի, քան սերը: Թեև սերն էլ ուժեղ զգացմունք է, բայց այս դեպքում երաժշտությունը պարտադրում և տրամադրում էր ավելի լուրջ, համամարդկային մի բանի: Այս երգը տեքստային առումով շատ տարբեր է: Ունի մի քանի իմաստ: Ինչ-որ առումով երգը կարելի է վերագրել նաև ցեղասպանության 100-ամյա տարելիցին, թեև տեքստում այդ տեսակետից ոչ մի խոսք չի հնչում: Ավետ Բարսեղյանը փորձել է երգի մեջ խոսել երևույթի՝ անարդարության մասին: Ժողովուրդ, ով անկախ ամեն ինչից պայքարել ու պայքարում է անարդարության դեմ: Ի վերջո, մեկ օր պետք է ամեն ինչ իր տեղում լինի, և ոսոխը պատժվի…Ես իմ խոսքերով նկարագրեցի երևույթը»,-Life.panorama.am-ին հայտնեց երգչուհին:
«Պիտի ապրես»-ը, բնականաբար, պարային ոճում չի լինի, թեև, ինչպես երգչուհին է վստահեցնում, գործիքավորումն իր մեջ ունի ռիթմիկ իմպուլսներ, որոնք տրամադրում են համարձակության ու խիզախության. «Չնայած՝ երգի մեղեդին շատ տարբեր է իմ նախորդ ձեռագրերից, բայց լսողն անմիջապես կճանաչի Հասմիկ Կարապետյանի ոճը: Թեև, հավատարիմ մնալով ու պահպանելով ձեռագիրս, փորձել եմ մի քիչ ավելի տարբեր լինել: Թե որքանով կհաջողվի, դա արդեն հանդիսատեսը կասի»:
Ի դեպ, երգը հանդիսատեսին կհանձնվի, հավանաբար, մինչև ապրիլի 24-ը, բայց երգչուհին խուսափեց խոստումներ տալ: «Շատ կցանկանայի, եթե ոչ տեսահոլովակով, ապա գոնե ձայնագրված տարբերակով մինչ այդ հնչեցվեր ռադիոկայաններով և youtube-ի իմ պաշտոնական կայքով: Ամեն ինչ պետք է անենք, իհարկե, որպեսզի տեսահոլովակով մատուցենք: Կարծում եմ, տեսահոլովակն ավելի ճիշտ ու արդյունավետ միջոց է՝ երգը մարդկանց սրտերին հասցնելու»,-եզրափակեց Հասմիկ Կարապետյանը