Նախաքննությունը դիտարկում է վարկած, որ Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող` ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Փոխոստիկանապետը հայտնեց, որ նախաքննության ընթացքում տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնք ուսումնասիրվում եւ կամ հերքվում են, կամ հաստատվում:

«Հայ ու ռուս իրավապահներն աշխատում են եւ նախաքննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա:

Հունան Պողոսյանը հերքեց նաեւ տեղեկությունները, թե ռուսական ռազմաբազայից դեպքի օրը եւս 6 զինծառայող է փախուստի դիմել. «Դեպքի վայր ժամանելուց հետո ես հրավիրել եմ ռազմաբազայի պատասխանատուներին, որոնք պարզաբանումներ են տվել մեզ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

news.am