Գյումրիի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող տան տեղում, որտեղ սպանվել է Ավետիսյանների ընտանիքը, թող հուշահամալիր կառուցեն, իսկ հարազատներին ուրիշ տուն տան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետան:

«Հուշահամալիր թող անեն, հնարավոր չէ դարպասին մոտ գնալ, եթե երեխեքը մոտ գնան, հոգեկան հիվանդ կդառնան: Էդ տունը քրոջս, փեսուս ծանր քրտինքով, աշխատանքով սարքած տունն է, թող դրա տեղը ուրիշ տուն տան»,-ասաց Ջուլիետան:

Անդրադառնալով գործի քննությանը եւ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովին՝ Հասմիկ Ավետիսյաի քույրն ասաց, որ վստահ են, որ իրական հանցագործը ուրիշ է եւ ոչ թե մեկ հոգի է եղել, այլ մի քանի: «Եթե իմ փոքրիկ թոռնիկս ասեն դրա կոշիկները գտել են, ով է, կասեր՝ Պերմյակովն է, իրենք ոչ մեկի էլ չեն գտել, իրենք տեղում դոփում են, որ հետքերը փակեն, մեզ էդպես ձեռ չի տա, մենք կուզենք տեսնել իսկական ոճրագործին: Դա պատահական մարդ չի լինի, որ մինչեւ այժմ ջրի երես չի եկել: Մարդասպանը էդքան միամիտ եւ հասարակ չի գործի, էնքան միամիտ էր, որ կոշիկները թողներ ու գնար, տենց բան հնարավո՞ր է, փոքր երեխաները որ տուն տունիկ կխաղան, հրացաններով կկրակեն, տենց բան չեն անի»,-ասաց Հասմիկ Ավետիսյանի քույրը: Նա նշեց, որ դեպքից հետո առաջին երկու օրն են իրենց այցելել քննիչներ եւ հարցաքննել, դրանից հետո նախաքննություն իրականացնող մարմինը իրենց չի դիմել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

news.am