Դերասան Վարդան Պետրոսյանը դատապարտվեց հինգ տարի ազատազրկման և երկու տարով զրկվեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Համապատասխան վճիռը հունվարի 29-ին ընթերցեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը:

Դատարանը նաև վճռեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնել անփոփոխ մինչ դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելը: Պատժի կրման սկիզբ է հաշվվում 2013թ. նոյեմբերի 6-ը:

Դատարանը վճռեց նաև քաղաքացիական հայցվորի ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել և Վարդան Պետրոսյանից հօգուտ գյուղատնտեսության նախարարության բռնագանձել 1 մլն 200 հազ. դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև հօգուտ պետբյուջե բռնագանձել դատահետքաբանական փորձաքննության համար ծախսված 18 հազ. 825 դրամը, ապրանքագիտական փորձաքննության համար ծախսված 33 հազ. 600 դրամը` որպես դատական ծախսեր:

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյանի և Զարուհի Վարդանյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` Վարդան Պետրոսյանից հօգուտ տուժող Տաթևիկ Հակոբյանի` 9 մլն 798 հազ. 213 դրամ, տուժող Արթուր Հակոբյանի` 145 հազ. 800 դրամ` որպես հանցագործության հետևանքով նրանց առողջությանը պատճառված նյութական վնասի բռնագանձման պահանջի մասին, թողնվեց առանց քննության:

Առանց քննության թողնվեց նաև Վարդան Պետրոսյանից հօգուտ տուժող Տաթևիկ Հակոբյանի 250 հազ. դրամ, հօգուտ տուժող Արթուր Հակոբյանի` 1 մլն դրամ, հօգուտ տուժող Հայկ Հակոբյանի` 250 հազ. դրամ, հօգուտ տուժող Էմմա Հակոբյանի` 250 հազ. դրամ և հօգուտ տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանի` 400 հազ. դրամ, տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանի` 400 հազ. դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձավճարի հատուցման պահանջի մասին` Բալոյանի և Վարդանյանի ներկայացրած քաղաքացիական հայցը:

***

Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նյութի աղբյուր՝ civilnet.am