Հայաստանում 25-ամյա Անժելա Մնացականյանը փետրվարի 5-ին եռյակ է լույս աշխարհ բերել՝ երեք արու զավակ: Եռյակի ծնունդը, արտարգանդային բեղմնավորման շնորհիվ, ճիշտ է, վերջին շրջանում դարձել է ոչ հազվադեպ երեւույթ, այդուհանդերձ՝ այս դեպքը բացառիկ է, քանի որ երեխաները բեղմնավորվել են բնական ճանապարհով: Բժիշկների խոսքով՝ նորածինների երկու տատիկներն էլ՝ եւ՛ հոր, եւ՛ մոր կոցմից, երկվորյակ ծնունդ են:
Կինը ծննդաբերել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կեսարյան հատման միջոցով: Կենտրոնի Ծնարանի բաժանմունքի վարիչ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ ծննդաբերությունը լավ է ընթացել, նորածիններն էլ, նրանց մայրն էլ իրենց լավ են զգում: Ծնվելուց 6 ժամ անց մայրը կերակրել է երեխաներին: 2600, 2500 եւ 1700 գրամ կշռող երեխաները մոր մոտ են գտնվում, սակայն բժիշկներն անդադար հսկում են նրանց: Հղիության ժամանակ Անժելային հետեւած մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Անանյանը լրագրողներին ասաց, որ բժիշկները հատկապես ուշադիր են քաշով ամենաթեթեւի՝ 1700 կշռող փոքրիկի հանդեպ:
Պարզվում է, որ Անժելան եւս մի տղա ունի՝ 5-ամյա Արարատը, որը խոստացել է ամեն կերպ օգնել մորն ու ընատանիքին եղբայրներին՝ Արամին, Վահեին և Վաչեին խնամելու, պահելու հարցում: Նա ասել է, որ օրորելու է փոքրիկներին, ապա արածեցնելու է կովերին, որպեսզի տատիկը կթի, եւ տանը կաթ լինի եղբայրների համար:
Ընտանիքն ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեւան գյուղում: Հարցին, թե սահմանամերձ գյուղում, այս անհանգիստ ժամանակահատվածում ընտանիքն ինչպե՞ս է 4 տղայի մեծացնելու, մայրը պատասխանել է՝ մեզ հենց կռվողներ են պետք, հայրենիքի պաշտպաններ: