Երեւանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի 5-րդ դասարաններից մեկը կանգնած է լուծարման վտանգի առջեւ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին 5-րդ դասարանի աշակերտների մի քանի ծնողներ, որոնք դասարանի լուծարումը գոնե մինչեւ տարեվերջ հետաձգելու խնդրանքով նամակ են գրել Երեւանի քաղաքապետին եւ Կրթության եւ գիտության նախարարին։
«Փետրվարի 5-ին մեզ տեղեկացրել են, որ դասարանը փակվում է աշակերտների թվի քչության պատճառով։ Դասարանում մինիմում պետք է լինի 25 աշակերտ, իսկ այդ դասարանում 21 աշակերտ է սովորում, այսինքն՝ աշակերտների քանակը չի համապատասխանում պետական նորմատիվներին»,-ասաց ծնողներից Լուիզա Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իրենք նախարարություն եւ քաղաքապետարան են դիմել, որպեսզի պարզաբանում ստանան՝ ինչու տարվա կեսին առաջացավ այդ խնդիրը, եւ ինչու երեխաները չեն կարող մինչեւ տարվա վերջ նույն դասարանում սովորել, քանի որ երեխաների համար մեծ սթրես է տարվա կեսից դասարան փոխելը։
Լուիզա Կարապետյանի խոսքով՝ դպրոցի տնօրենին տարվա սկզբից են առաջարկել լուծարել դասարանը, սակայն նա երկարաձգել է՝ հույս ունենալով, որ հունվարին աշակերտների թիվը կավելանա։
«Երեխաների թիվը չավելացավ, եւ հիմա տնօրենին ստիպում են փակել դասարանը։ Երեխաները տանը լացում են, շոկի մեջ են, չեն ցանկանում այլ դասարաններում սովորել, ծնողներն էլ ասում են՝ եթե դասարանը փակվի, ուրիշ դպրոց կտեղափոխեն երեխաներին»,-ասաց նա։
Ծնողները որոշել են՝ մինչեւ իրենց դիմումների պատասխանը ստանալը, երեխաներին դպրոց չեն տանի։
Լուիզան Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանում իրենց բանավոր ասել են, որ հարցին փորձում են դրական լուծում տալ։