Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Մայիս Սաֆարյանի գործի դատական քննությունը:
Նախաքննական մարմինը 25-ամյա Մայիս Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Մայիսն անազատության մեջ է 2013 թվականի նոյեմբերի 22-ից:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Մայիս Սաֆարյանը Աթենքի փողոցում գտնվող տնտեսական խանութի դիմաց, թիվ 4 երթուղային տաքսիների կայանատեղիում իր կողմից վարվող «Մերսեդեսը» կայանելու հարցով վիճաբանել է այդ երթուղու երթակարգավորիչ Հայկ Վասիլյանի հետ և վիճաբանության ժամանակ դանակով մեկ հարված է հասցրել Վասիլյանի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք, ձախակողմյան հեմոթորաքս՝ ձախ թոքի վնասումով:
Ամբաստանյալ Մայիս Սաֆարյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում: Նա դատարանում հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով բանակում չի ծառայել. տասը տարեկանում բարձրությունից ընկել է, ստացել գանգուղեղային ծանր վնասվածք:
Այդ դեպքից հետո ունենում է ուժեղ գլխացավեր, դարձել է ներվային, ջղային, չի կարողանում տանել անարդարությունը: Ունեցել է ուշագնացություններ:
Ինքն ամուսնացած է, ունի մեկուկես տարեկան երեխա:
Զբաղվել է սպորտային պարերով, բայց դրանով անհնարին է եղել ընտանիք պահել, դրա համար ինքը որոշել է տաքսու ծառայություններ մատուցել: Վարել է իր հոր «Մերսեդեսը»:
2013 թվականի նոյեմբերի 21-ին «Հրազդան» տոնավաճառի դիմացի խանութի մոտ կատարված դեպքի վերաբերյալ Մայիսը հայտնել է, թե ինքը չի վիճաբանել Հայկ Վասիլյանի հետ, վերջինս է վիճել իր հետ, վեճը վերածել է քաշքշուկի, որի ընթացքում զսպանակե մահակով երկու անգամ փորձել է խփել իր հիվանդ գլխին:
Ինքն այդ օրը մեքենայով գնացել էր իր երեխայի համար «պամպերս» առնելու:
Մեքենան կանգնեցրել է խանութի մոտ, բայց չի հասցրել իջնել մեքենայից, լսել է բեռնախցիկին հարվածելու ձայն:
Մտածել է՝ հետևից խփեցին մեքենային:
Գլուխը դուրս է հանել ու տեսել Հայկոյին: Ասել է՝ ի՞նչ կա: Նա գոռգոռալով ու կարգադրելու ձևով ասել է, որ մեքենան հանի, խանգարում է:
Ինքը մեքենան դուրս է բերել, գնացել պտտվել է ու նորից եկել է խանութի մոտ՝ հույս ունենալով, որ տեղ ազատված կլինի, բայց տեսել է, որ խանութի մոտ կանգնած է «Չախկալ» Արմենի «Օպելը»:
Ինքն ազդանշան է տվել, որ նա մեքենան մի քիչ առաջ քաշի, որպեսզի ինքն էլ տեղավորվի:
Արմենը մեքենան առաջ է քաշել, ինքն իր մեքենան կանգնեցրել է Արմենի մեքենայի տեղը՝ խանութի դիմաց:
Երբ մեքենան հետ է տվել, որ տեղավորվի, մեքենան դիպել է «կարտոնե տուփին», որ Հայկոյենք դրել էին այնտեղ՝ ուրիշ մեքենաների կանգնելը թույլ չտալու համար:
Մեքենան կանգնեցնելուց հետո ինքն իջել է, բայց չի հասցրել մտնել խանութ, երբ Հայկը հեռվից գոռալով ու խոսելով մոտեցել է: Նա ասել է. «Չհասկացա՞ր, ավտոդ մի կանգնացրու ստեղ, քշի գնա»:
Ինքն ասել է՝ հեսա դուրս եմ գալիս՝ երկու րոպեից, մտնեմ «պամպերս» առնեմ ու գամ:
Բայց Հայկոն իրեն չի լսել, ասել է. «Դավայ, շուտ հանի մեքենադ, ինձ չի հետաքրքրում՝ քանի րոպե կկանգնես»:
Ինքն ասել է՝ էսքան խոսելու փոխարեն արդեն խանութից դուրս էի եկել:
Հայկը քաշել է իր ձեռքից, փորձել է տանել մարդկանց աչքից հեռու տեղ՝ ասելով. «Դու ընդհանրապես չես հասկանում, արի ասեմ»:
Ինքը ձեռքը թափ է տվել, ասել է՝ մի գոռա:
Դրանից հետո իր ու Հայկի միջև քաշքշոց է սկսվել: Նա իր դոշից բռնել ու հրել է, ինքն էլ նրան է հրել: Հայկոն ասել է. «Դավայ, ապե, ստուց»: Ինքն էլ նրան է ասել՝ դավայ, ու գնացել է դեպի իր մեքենան:
Հայկն իրեն հետ է կանչել, ասել է՝ լավ չես հասկանում, արի ասեմ:
Նա գնացել է դեպի իր մեքենան: Բացել է վարորդի կողքի դուռը, մեքենայից մի բան է վերցրել, դրել մեջքի կողմը, արագ քայլերով մոտեցել է, «վրա է տվել» իրեն, հարձակվել ու հրել է: Ինքը նրան իրենից հեռացնելու համար ձեռքերով հետ է հրել, ասել է. «Ի՞նչ ես մտել բերանս, ուզում ես խոսանք, համբերի, իրիկունը կգամ կխոսենք»:
Հայկը երկու քայլ հետ է գնացել, մեջքի կողմից ինչ-որ բան է հանել: Դա եղել է մետաղե զսպանակով մահակ, որով փորձել է խփել իր գլխին:
Ինքը ձեռքով պաշտպանվել է, հարվածը դիպել է իր ձեռքին: Անմիջապես հետո Հայկը երկրորդ հարվածն է ցանկացել հասցնել, ինքը նորից ձեռքով պաշտպանվել է, որ գլխին հարված չդիպչի:
Տեսնելով վտանգը, փորձելով պաշտպանվել՝ ինքը գրպանից հանել է եղունգկտրիչ դանակը, բութ մատով բացել ու հարվածել է: Հարվածը դիպել է, թե ոչ՝ չի զգացել, հետո է իմացել, որ Հայկը վնասվածք է ստացել:
«Չախկալը» անմիջապես Հայկին թիկունքից երկու ձեռքով գրկել ու հետ է քաշել, տարել է տնտեսական խանութ: Ինքը խանութ չի մտել, դրսում է սպասել:
Քիչ հետո Հայկն ու «Չախկալը» դուրս են եկել, նստել են վերջինիս մեքենան ու գնացել են:
Երեկոյան ինքը գնացել է հորաքրոջ աղջկա գյուղ, իսկ առավոտյան հայրը եկել ու հայտնել է, որ ոստիկանները փնտրել են իրեն:
Մայիս Սաֆարյանը պնդել է, թե իր կյանքի համար վախենալով է պաշտպանվել Հայկի հարվածներից: Եթե չպաշտպանվեր, Հայկի մահակի հարվածը դիպչեր իր գլխին, ծանր հետևանք կլիներ, իր գլուխը արդեն իսկ վնասված է:
Սաֆարյանն ասել է, թե ցավում է կատարվածի համար: Դա տեղի չէր ունենա իր կարծիքով, եթե Հայկը կանգնած վարորդների մոտ չփորձեր ցույց տալ իր առավելությունը, եթե նա մեքենայից չհաներ մահակը, եթե ինքն էլ իր գրպանից չհաներ եղունգկտրիչը:
Մայիս Սաֆարյանը դատարանից խնդրել է իրեն պատժել կատարածի, ոչ թե չկատարածի համար:
Տուժող Հայկը հայտնել է, թե երկար տարիներ երթակարգավորող՝ դիսպետչեր է աշխատել: Ինքը հսկել է, որ երթուղայինները կայանելու ազատ տարածք ունենան, որպեսզի չթույլատրված տեղում կայանելու համար չտուգանվեն:
Այնտեղ, որտեղ «Մերսեդեսն» էին կանգնեցրել, սովորաբար ուրիշ մեքենաներ չեն կայանում, միայն՝ իրենց երթուղու գազելներն են կանգնում: Ինքը եթե նկատում է, որ ինչ-որ մեկը մեքենան կանգնեցրել է, մոտենում-զգուշացնում է:
Դեպքի օրը վիճաբանությունը եղել է «Մերսեդես» մեքենան կայանելու հարցով: Այդ մեքենայի վարորդին ինքը չի ճանաչում: Նա է իրեն դանակով հարվածել, ոչ թե Մայիսը: Ինքը նայում է Մայիսին ու չի նմանեցնում իր հետ վիճաբանած անձին: Վիճաբանության ժամանակ իր հետ գծի վարորդներ չեն եղել, ինքը մենակ էր: Ամբաստանյալից բողոք, պահանջ չունի:
Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Մայիս Սաֆարյանը տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցրել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով: Նրա արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասից 116 հոդվածի 2-րդ մասով:
Մայիս Սաֆարյանը դատապարտվել է 1տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի նոյեմբերի 22-ից:
Սաֆարյանից կբռնագանձվի 169 հազար 800 դրամ՝ որպես դատական ծախսեր: