Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժնից ահազանգել են Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել են, որ Արարատի մարզի Նշավան գյուղի Շիրազի փողոցի 38 տանը մահացածներ կան: Ինչպես Նշավան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ Սամվել Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում է նաեւ Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Հրշեջներն ու ոստիկանները նշված տան ննջարանում հայտնաբերել են 81-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանի եւ Սեդա Սարգսյանի դիերը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինների մահվան պատճառը եղել է այն, որ խոհանոցում գազօջախի վրա նրանք եփելիս են եղել խաշ, ու հավանաբար, նրանց քունը տարել է, քնել են եւ չեն զգացել, որ խաշը այրվում է: Գազօջախի վրա հայտնաբերվել է նաեւ կաթսան, որի մեջ մոխրացած խաշն էր: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժին, որտեղից գյուղ են ժամանել քննիչները՝ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, եւ նրա որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները ամուսիններ են: Առաջին իսկ պահից ընտանիքի կողքին է գտնվում նաեւ գյուղապետ Պապ Հակոբյանը:

shamshyan.com