Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության հարցերով ամենամյա համաժողովը ըստ էության վերածեց անվտանգության սպառնալիքների ամբիոնի` հայտարարելով, որ քանի դեռ հայկական ուժերը զբաղեցնում են ադրբեջանական տարածքները, հրադադարը կխախտվի և կլինեն զոհեր:
Ասել է թե` Ադրբեջանը միջազգային բավական հեղինակավոր ամբիոնից պարզապես կրկնեց այն, ինչը ըստ էության սովորաբար Հայաստանում ներկայացնում էինք որպես «ներքին սպառման» միջոց Ալիևի համար, որ իբր նա այդպիսի հայտարարություններ է անում ադրբեջանցիների համար: Ադրբեջանցիների համար նման հայտարարություններ անում են Բաքվում կամ լավագույն դեպքում Անկարայում: Երբ նման հայտարարությունները հնչում են Մյունխենում, ապա դա արդեն բոլորովին ադրբեջանցիների համար չէ միայն: Եվ առավել ևս, երբ դրանից հետո ըստ էության չեն հնչում կոշտ գնահատականներ Ադրբեջանի նման հանդգնության հասցեին, կարող ենք ասել, որ միջազգային հանրությունը գոնե մի ականջով լսել է Ալիևին, այսինքն` գոնե մեկ ականջին Ալիևը հասցրել է իր ասածը:
Չի բացառվում, որ սա նրա համար ծուղակ է և նրան ներքաշում են մի իրավիճակ, որից հետո Ադրբեջանը իր խոսքերի գերին չդառնալու համար դառնալու է միջազգային անվտանգության համակարգի գերին, այսինքն` լիակատար ենթակա այդ համակարգին: Չի բացառվում, որ հենց այդ միջոցով էլ փորձ կարվի ի վերջո հասնել Ադրբեջանի ռազմատենչության զսպմանը: Սակայն սա կարող է լինել հեռանկարում, քանի որ համենայնդեպս առ այսօր նախադրյալներ չկան նման արդյունքի մասին շոշափելի խոսելու համար: Ավելին` նախադրյալները խոսում են հակառակի մասին՝ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչությունը ի հակառակ կամ ի հեճուկս Մինսկի խմբի համանախագահների հունվարի 27-ի հայտարարության, որտեղ առաջին անգամ Ադրբեջանի անունը տրվել է հրադադարի խախտման համար պատասխանատվության հարցում: Սակայն Բաքվի վրա փաստորեն դա չի ազդել:
Ավելին` դրանից հետո Բաքուն ըստ էության ավելի հանդուգն քայլի է դիմել և արդեն Մյունխենի միջազգային բարձր ամբիոնից է ռազմատենչություն ցուցաբերում: Կարո՞ղ ենք արդյոք սա դիտարկել որպես վերջնականապես անկյուն քշված և իզգոյության հարցում որպես վերջնական թիրախ ընտրված մեկի վարքագիծ: Այդ դեպքում պետք է եզրակացնենք, որ Ալիևը խելքը թռցրել է: Որովհետև միայն խելքը թռցրած մարդը իզգոյացման հեռանկարի առաջ նման հանդուգն մարտահրավեր կնետի միջազգային հանրությանը: Ալիևի խելագարության արտաքին նշաններ չկան:
Մի քանի օր առաջ Պենտագոնի վաղեմի զեկույցը հայտնվեց լրահոսում Պուտինի հոգեկան նկարագրի մասին: Պենտագոնի պատվերով փորձագետները երկար ժամանակ ուսումնասիրելով նրա արտաքին տվյալները եկել էին եզրակացության, որ նա հիվանդ է աուտիզմի տեսակով, որն առաջացնում է սոցիալական ադապտացիայի խնդիրներ, ըստ որում` ամենևին էլ ոչ մտավոր հետամնացության դեպքում միայն: Բնականաբար, ապացուցված չէր նման եզրակացությունը, քանի որ անձնապես Պուտինին հետազոտել հնարավոր չի եղել: Լավ կլիներ, որ Պենտագոնի փորձագետները նույն մեթոդոլոգիայով նաև փորձեին հասկանալ Ալիևի հոգեվիճակն ու հոգեկան առողջության ախտորոշում իրականացնեին` հասկանալու համար, թե ինչ է կատարվում նրա հետ: Այդ եզրակացությունը թեկուզ, այսպես ասած, ոչ վերջնականորեն ապացուցված, քանի որ Ալիևին էլ երևի չի հաջողվի անձնապես ստուգել, կօգնի շատ բան հասկանալ Ադրբեջանի ներկայիս պահվածքից և կողմնորոշվել այն հարցում, թե այդ պահվածքը ինչքանով է հանդիսանում, այսպես ասած, հուսահատ քայլ, ինքնագործունեություն, և ինչքանով է հանդիսանում ավելի ազդեցիկ ուժերի խրախուսմամբ վարվող քաղաքականություն:
Իսկ Պենտագոնի համար սա պակաս կարևոր չէ` նկատի ունենալով այն, որ Կովկասը շատ առանցքային տարածաշրջան է աշխարհաքաղաքական և քաղաքակրթական դիմակայության համար, և այստեղ Ադրբեջանը հանդիսանում է ապակայունացման գլխավոր գործոն: Իսկ ապակայունացումը բացարձակապես չի բխում Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ շահերից, քանի որ այդպիսով ըստ էության կքանդվի աշխարհաքաղաքական ներկայիս խաղի առանցքը` Կովկասում նպաստելով ռուս-թուրքական դիրքերի ամրացմանը: Մինչդեռ նույն Արևմուտքից բավական ջանք պահանջվեց, օրինակ, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը կանգնեցնելու և այդպիսով ռուս-թուրքական դերակատարության շեշտակի աճը կանխարգելելու համար, ինչը, իհարկե, տեղի ունեցավ նաև ի բարեբախտություն Հայաստանի, քանի որ այդ շեշտակի աճի արդյունքն էր հանդիսանալու նաև հայ-թուրքական հարաբերությունների, այսպես ասած, «արձանագրային» կարգավորումը, ինչը Հայաստանի համար հղի էր մի շարք ռազմավարական վտանգներով:
Այսօր արդեն Ադրբեջանն է սպառնում Կովկասի կայունությանը: Ուրեմն կարևոր կլիներ պարզել, թե ինչ կա Ալիևի ուղեղում կամ հոգում, տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու գործում դա շատ պետք կգա: Առավել ևս, որ Ալիևը վերջերս դարձել է Պուտինի եզակի դաշնակիցներից մեկը, և եթե ուսումնասիրվում է Պուտինը, ապա երևի թե վատ չէր լինի նաև դաշնակիցներին ուսումնասիրել: Սա կարող է թվալ ծիծաղելի, սակայն իրավիճակը, իհարկե, չափազանց լուրջ է և պահանջում է մեծ ուշադրություն, քանի որ Ալիևի նմանօրինակ հանդգնության համար պարբերաբար իրենց կյանքով են վճարում ոչ միայն ադրբեջանցի, այլ նաև հայ զինծառայողներ՝ թեկուզ մի քանի անգամ ավելի պակաս, քան ադրբեջանցիները:
Հետևաբար` Մյունխենում Ալիևի ելույթը և, համենայնդեպս առայժմ, դրա հանդեպ միջազգային լռությունը Հայաստանի համար հրամայական են դարձնում զգոնությունը և ամեն վայրկյան նոր սադրանքի պատրաստ գտնվելը, ըստ որում` նոր և աննախադեպ սադրանքի, որովհետև եթե Ալիևը ամբիոնների հարցում է դրսևորում աննախադեպ գործողություններ, մեծ է հավանականությունը, որ նույնը կարող է անել պարզապես հրադադարի խախտումների դեպքում:
Սակայն այս իրավիճակը, իհարկե, միայն Հայաստանի խնդիրը չէ, և ոչ էլ նաև Արևմուտքինը, ինչպես վերը նշվեց: Այստեղ պետք է շահագրգռություն ունենա նաև Իրանը, որի համար ևս կովկասյան ապակայունացումը հանդիսանում է ռազմավարական վտանգ: Այդ իմաստով ձևավորված է բնական դաշինք՝ Արևմուտք-Հայաստան-Իրան, որին, իհարկե, մաս է կազմում նաև Վրաստանը: Սակայն բնական այդ դաշինքում ամենաառաջնային շահառու լինելով հանդերձ` Հայաստանն ըստ էության ամենախնդրահարույցն է՝ Ռուսաստանի հանդեպ իր կամակատարությամբ: Միայն դրանով կարող է բացատրվել այն, որ ի տարբերություն Ալիևի օրեցոր ահագնացող պահվածքի, Հայաստանի արտաքին քաղաքականությունը օրեցոր դառնում է միագիծ ու անբովանդակ: