ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ իշխանության» կայքին տրված բացառիկ հոդվածում վերլուծել է իրավիճակը: Ստորև ներկայացնում ենք այդ հոդվածից որոշ ուշագրավ դիտարկումներ: Տեր-Պետրոսյանը հոդվածը վերնագրել է այսպես` «Բաց նամակ Սերժ Սարգսյանին»։
«Նախեւառաջ ներողություն եմ խնդրում առ այն, որ Ձեզ դիմում եմ ոչ թե խորհրդապահական խողովակով, այլ բաց նամակով, ինչը պայմանավորված է երկու պարզ հանգամանքով.
ա. Այլ կերպ Ձեզ հետ հաղորդակցվելու պարագայում, նկատի առած մեր լուրջ քաղաքական տարաձայնությունները, իմ քայլը, որի էությունը կպարզեմ ստորեւ, զերծ չէր մնա զանազան կասկածներ ու ասեկոսեներ հարուցելու վտանգից։
բ. Նամակիս շարժառիթը վերաբերում է համազգային եւ համապետական նշանակություն ունեցող մի այնպիսի կարեւորագույն խնդրի, ինչպիսին է 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրը, որն, իմ պատկերացմամբ, վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից»։
Այնուհետև Տեր-Պետրոսյանն առաջարկել է Սերժ Սարգսյանին հանդիպել. «Ուզում եմ հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Իսկ որպեսզի այդ հանդիպումը, հանուն գործի շահի, արդյունավետ լինի, կարծում եմ նաեւ, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եւրոմիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։ Հետեւաբար՝
1. Ուղերձը պետք է լիովին համապատասխանի ՄԱԿ-ի խարտիային, Հելսինկյան հռչակագրին եւ Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին.
2. Չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը.
3. Տուրք չպետք է տա երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին.
4. Որեւէ կերպ չպետք է վնասի Հայաստանի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծմանը, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։
Ծավալուն նամակի վերջում Տեր-Պետրոսյանն արձանագրել է. «Ցավում եմ, որ ներկա պահին, Գագիկ Ծառուկյանի, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել։ Ավելացնեմ նաեւ, որ ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե աջից ու ձախից ինչպիսի վայնասուն կբարձրանա իմ այս հրապարակման առթիվ, որի անհետաձգելիությունը պայմանավորված է նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի` ապրիլի 24-ի մոտալուտ լինելու հանգամանքով»։

hayeli.am