Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 13-ին Երևանի Պարոնյան փողոցում գործող «Լաս» գիշերային ակումբում:

Ամբաստանյալի աթոռին էին ակումբի վերոհիշյալ օրվա երեք հաճախորդները՝ եղբայրներ Հրանտ և Մանվել Հարությունյանները և նրանց ընկեր Մուշեղ Թադևոսյանը: Կալանքի տակ է միայն Հրանտ Հարությունյանը:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը, ուշ երեկոյան 23-ամյա Մանվելը, 22-ամյա Հրանտը և 37-ամյա Մուշեղը գիշերային ակումբում խուլիգանական դրդումներով վիճել են տուժող Սարգսի հետ, հարվածներ հասցրել նրան, մոտ 30 րոպե խախտել են հասարակական կարգը և խաթարել ակումբի բնականոն աշխատանքը:

Հրանտին մեղսագրված է տուժողին գարեջրի ապակե դատարկ տարայով հարվածներ հասցնելը: Նրան առաջադրված մեղադրանքը որպես զենք գործադրված առարկայի՝ ապակե շշի օգտագործմամբ կատարված խուլիգանությունն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, իսկ մյուս երկու ամբաստանյալները մեղադրվում են խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ամբաստանյալները մեղսագրված արարքների համար իրենց մեղավոր չեն ճանաչել:

Ըստ ամբաստանյալների՝ դեպքի օրը երեքով ուրախանալու համար գնացել են «Լաս» գիշերային ակումբ, նստել են անկյունի սեղանի մոտ:

Շատ չեն խմել՝ մի քիչ օղի և գարեջուր: Հետո ցանկացել են ակումբի պարուհիներից մեկի «պրիվատ» պարը պատվիրել՝ որ պարուհին առանձին պարի իրենց համար:

Գիտեին, որ ակումբներում ընդունված կարգի համաձայն՝ «պրիվատ» պարի համար պետք է վճարեին ակումբի տնօրենին կամ պատասխանատուին և պետք է ստանային նրա թույլտվությունը:

Իրենց սեղանի մոտ են կանչել բարի մոտ նստած տարիքով տղամարդուն՝ Սարգսին՝ իմանալով, որ նա մենեջերն է, բայց նա չի մոտեցել:

Հարցրել են, թե ինչո՞ւ չի արձագանքում իրենց կանչին, ինչո՞ւ չի մոտենում սեղանին: Տարիքով տղամարդը՝ տուժող Սարգիսը, կոպիտ բառեր օգտագործելով ասել է՝ ա՛յ լակոտներ, դուք ո՞վ եք, որ ձեր կանչելով ես մոտենամ:

Իրենք պահանջել են, որ նա հանգիստ խոսի: Իսկ նա ավելի կոպիտ է խոսել: Ասել են՝ հոպա՛ր, արի դուրս գանք, խոսենք: Իսկ «հոպարը» ավելի է զայրացել, ասել է, թե երեքին էլ բռնել կտա:

Քաշքշոց է սկսվել: Տուժողն ասել է՝ եկեք, եկեք ասեմ: Նա Մուշեղին, Հրանտին ու Մանվելին մղել է ոչ թե դեպի ակումբի ելքը, այլ դեպի խորքը՝ խոհանոց: Քաշքշոցը շարունակվել է:

Ըստ ամբաստանյալների՝ իրենք որևէ իր, ասենք՝ շիշ, Սարգսի դեմ չեն գործադրել: Մինչև անգամ չեն հարվածել տուժողին: Նա է իրենց սպառնացել մոտը եղած ատրճանակով: Տուժողն ատրճանակ էր կրում, նա հանել է ատրճանակն ու վախեցրել է:

Իրենց դեպի ակումբի խորքը մղելով ու ատրճանակով սպառնալով՝ տուժող Սարգիսը միաժամանակ ասել է, թե ինքը հիվանդ մարդ է, ինսուլտ է տարել, նաև վախեցրել է, թե ուր որ է՝ «քաղմասը» վրա կհասնի ու նրանց կտանի:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժող Սարգիսը դեպքի ընթացքում մարմնական վնասվածքներ է ստացել կոպի, պարանոցի ու ազդրի շրջաններում՝ քերծվածքների ու արյունազեղումների ձևով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Տուժողի վնասվածքները, ըստ ամբաստանյալների, կարող էին առաջանալ ընդհանուր քաշքշոցի ընթացքում, որովհետև իրենք նրան դիտավորյալ հարվածներ չեն հասցրել:

Դեպքից անմիջապես հետո «քաղմասը» իրոք եկել է ակումբ, երեք երիտասարդներին տարել են ոստիկանություն, բայց դատաբժշկի մոտ չեն տարել, խմածությունը չեն պարզել, շուտ բաց են թողել: Մեկ ամիս հետո նորից են բռնել:

Դեպքից հետո Մանվել Հարությունյանը ակումբի տիրոջը վճարել է 50 հազար դրամ՝ միջադեպի ժամանակ ջարդված գույքի՝ մոխրամանների սեղանների ու բաժակների համար, իսկ տուժողին վճարել են 500 հազար դրամ՝ պատռված բաճկոնի ու ջարդված հեռախոսի համար: Կարծել են, թե վնասները հարթելով՝ բարդությունների մեջ չեն ընկնի, բայց հայտնվել են ամբաստանյալի աթոռին, իսկ Հրանտը նաև՝ կալանքի տակ:

«Ինչի՞ համար եք ձեզ մեղավոր ճանաչում» հարցին ամբաստանյալ Մուշեղ Թադևոսյանը պատասխանել էր. «Որ մտել եմ այդ գիշերային ակումբ»:

Դատարանն ունկնդրեց կողմերի վիճաբանությունները:

Մեղադրողը հաստատված գնահատեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:

Նա նշեց, որ ամբաստանյալ Մուշեղ Թադևոսյանը 2013 թվականին դատվել է այլ գործով՝ դիտավորությամբ ծանր վնասվածք հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Նա այդ պատժից ազատվել է համաներման կիրառմամբ:

Հետևաբար, նրա արարքում հանցագործության կատարման ռեցիդիվ տեսնելով՝ դատախազը միջնորդեց այս գործով Թադևոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման:

Մանվել Հարությունյանին նույն արարքի համար դատապարտել 2 տարի ազատազրկման:

Հրանտ Հարությունյանին մեղավոր ճանաչել նույն հոդվածի ավելի ծանր մասով՝ 258 հոդվածի 4-րդ մասով, և դատապարտել 5 տարի ազատազրկման:

Ամբաստանյալների շահերի պաշտպանն իր ճառում ասաց, թե իր պաշտպանյալների մեղքը մեղսագրված արարքներում բոլորովին էլ ապացուցված չէ:

Մեղադրանքի հիմքում, օրինակ, դրված է տուժող Սարգսի ցուցմունքները: Բայց նա նախաքննության ժամանակ ասել է, թե Մանվելը հայհոյելով հարվածել է իր աջ աչքին, իսկ դատարանում, պատասխանելով պաշտպանի հարցին, ասել է, թե Մանվելը հարվածել է իր ձախ աչքին: Ըստ պաշտպանի՝ այս անհամապատասխանությունը ցույց է տալիս, որ տուժողի ցուցմունքը հորինվածք է, այն չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Վկաների ցուցմունքները ևս, պաշտպանի կարծիքով, այդպես էլ չհիմնավորեցին ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:

Պաշտպանը բավական երկար անդրադարձ կատարեց «խուլիգանություն» հանցատեսակի տեսական դրույթներին, դատարանին կետ առ կետ «բացատրեց» այդ հանցատեսակի բոլոր կողմերը: Այնուհետև եզրակացրեց, որ այս գործով ամբաստանյալների արարքներում չկան օրենքով պահանջվող հատկանիշները:

Պաշտպանը միջնորդեց երեք ամբաստանյալներին էլ արդարացնել՝ նրանց մեղավորությունն ապացուցված չլինելու հիմքով:

Պաշտպանը գործին կցելու համար ներկայացրեց նաև Հարությունյան եղբայրների վերաբերյալ նույնաբովանդակ դրական բնութագրեր՝ տրված բնակության վայրից՝ հարևանների կողմից:

Եղբայրներին բնութագրել էին որպես ծնողասեր երիտասարդների, ովքեր փոքրերի հանդեպ ուշադիր են, իսկ մեծերի նկատմամբ՝ հարգանքով: Նրանց հայրը հիվանդ է՝ երրորդ խմբի հաշմանդամ:

Հրանտ Հարությունյանն իր ճառում ասաց. «Բոլոր սրբություններով եմ երդվում, Աստված պապիկի անունով եմ երդվում, որ ես գարեջրի շշով տուժողին չեմ խփել»:

Մանվել Հարությունյանը դատարանին խնդրեց հնարավորինս մեղմ վարվել:

Մուշեղ Թադևոսյանը պարզապես ասաց, թե միանում է պաշտպանի ճառին:

Ընդհանուր իրավասության դատարանը երեք ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքների համար ու դատապարտեց:

Հրանտ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման:

Մանվել Հարությունյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկման: Դրանից հանվեցին նախնական կալանքի տակ Մանվելի գտնվելու օրերը, վերջնական պատիժ սահմանվեց 11ամիս 28 օր ազատազրկում:

Մուշեղ Թադևոսյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ազատազրկման: Հանվեցին նախնական կալանքի տակ Մուշեղի գտնվելու օրերը, և վերջնական պատիժ սահմանվեց 2 տարի 5 ամիս 28 օր ազատազրկում:

Մանվելն ու Մուշեղը կալանքի տակ կառնվեն, երբ դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ:
1in.am