20 տարեկանից սկսած Ռոն Քլայնի ամեն օրը համարյա նույն կերպ է ընթացել: Այժմ արդեն 70-ամյա տղամարդը, որը 11 երեխայի հայր է, դուրս է գալիս Օհայոի Լոդոնվիլ քաղաքում գտնվող տնից, որը նա արդեն 50 տարի կիսում է կնոջ՝ Լուիսի հետ, և ճանապարհվում դեպի աշխատավայր: 38 թոռների պապիկը առաքիչ է աշխատում «Mansfield Plumbing» ընկերությունում: Չնայած աշխատանքի միօրինակությանը, Պարոն Քլայնն այս ընկերությունում աշխատում է արդեն 50 տարի և երբեք, ոչ մի օր չի բացակայել աշխատանքից՝ դառնալով Ամերիկայի ամենաաշխատասեր մարդկանցից մեկը:
Հունվարին նա գործընկերների հետ նշել է 50-ամյա աշխատանքի հոբելյանը, բայց պնդում է, որ թոշակի անցնելը դեռ չի քննարկվում: «Ես սիրում եմ իմ աշխատանքը և մարդկանց, ում հետ աշխատում եմ: ապա ինչու՞ պետք է թողնեմ այս ամենը», – ասում է նա «Contractor» ամսագրին: «Այս ընկերությունը շատ լավ աշխատավայր է և նեցուկ է եղել իմ ընտանիքին: Հենց հիմա իմ տղան և աղջիկը, ինչպես նաև եղբայրս նույնպես աշխատում են այստեղ, իսկ մյուս երկու եղբայրներս վերջերս են անցել թոշակի»:
«Ես երջանիկ և առողջ մարդ եմ, ինչն ինձ հնարավորություն է տվել այսքան երկար աշխատել և ոչ մի օր չբացակայել աշխատանքից: Ես շատ բախտավոր եմ, ունեմ 38 թոռ, և ընտանեկան կյանքս շատ լեցուն է, բայց թոշակի անցնելն իրոք չի քննարկվում… Ես սիրում եմ իմ աշխատանքը և «Mansfield կազմակերպության համար աշխատելը իմ կյանքի կարևոր մասն է»:
Պարոն Քլայնն աշխատանքի է ընդունվել 1965 թվականին՝ որպես արտադրության ստուգող: 18 տարի շարունակ նա հոսքագծի վրա ստուգել է սանիտարական արտադրանքը: «Ես ստուգում էի ամեն մի թերություն, ճեղք, որ կլիներ արտադրանքի վրա, որպեսզի վստահ լինեի, որ ամեն դուրս եկած ապրանքն ունի իսկական որակ», – ասում է նա: Մոտ 32 տարի առաջ նա տեղափոխվել է վարորդական աշխատանքի նույն ընկերությունում և մինչ օրս այդ նույն գործին է: Ընկերության նախագահը կատակում է. «Մենք շատ կուզենայինք ստեղծել Ռոնի կրկնօրինակները, նա ամեն օր աշխատում է և ամբողջ օրվա ընթացքում զբաղված է ցանկացած հարցի լավագույն լուծումը գտնելով»:
Այս մարդուն կարծես աշխատանքն ու մեծ ընտանիքը հերիք չեն: նա տասնամյակներ շարունակ աշխատել է նաև որպես բասկետբոլի մարզիչ տեղի ավագ դպրոցում: