Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ վերջին ամիսներին մեծ թվով «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ են տեղափոխվել, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները. մի մասը մեքենան վարել է առանց ամրագոտու, իսկ մյուսը տեխզննում չի անցել և այլն: Մեծ թիվ են կազմում այն ավտոմեքենաները, որոնց համարանիշները հաշվառված են պետական հաստատությունների վրա: Այսօր՝ կեսգիշերին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում երիտասարդ կին-վարորդը Range Rover մակնիշի 053 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու, իսկ մեքենայի դիմապակու վրա էլ փակցված է 2014 թվականի տեխզննման կտրոն, ինչից պարզ է դառնում, որ նշված մեքենան 2015 թվականին տեխզննում չի անցել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և այն պետք է շահագործվի պատգամավորներից որևէ մեկի կողմից: SHAMSHYAN.com-ը պարզում է, թե որ պատգամավորի վրա են գրանցված այդ համարանիշները:

shamshyan.com