Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորատը նամակ է ուղղել SHAMSHYAN.com-ին, որը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի SHAMSHYAN.com, Ձեր կայքում 25.02.2015 թվականին հրապարակված «Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած ուսանողի հարազատները ներկայացնում են կատարվածի վերաբերյալ իրենց վարկածը» նյութի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ամբողջ անձնակազմը և ուսանողությունը վշտի խորը զգացումով են ընդունել Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանող Վ.Հ.-ի ինքնասպանության անսպասելի և ողբերգական լուրը: Ինստիտուտի ներկայացուցիչները մասնակցել են երիտասարդի հուղարկավորությանը և ցավակցություն են հայտնել նրա հարազատներին: Ինչ վերաբերում է հոդվածում արծարծված այն վարկածին, թե՝ ուսանողն այդ քայլին դիմել է քննական շրջանում խնդիրներ ունենալու պատճառով, ապա հարկ ենք համարում տեղեկացնել, որ տվյալ ուսանողն ունեցել է ակադեմիական պարտքեր երեք առարկաներից, որոնց լուծարքային շրջանը ավարտվում էր ս.թ. փետրվարի 20-ին: Սակայն նա որևէ դիմում չի ներկայացրել անկախ հանձնաժողով ստեղծելու և քննությունները վերահանձնելու կապակցությամբ: Ավելին՝ այդ ընթացքում ԲՈՒՀ-ի ղեկավարությունը որոշում չի կայացրել ուսանողին ակադեմիական պարտքերի պատճառով ինստիտուտից հեռացնելու վերաբերյալ: Վստահ ենք, որ պատկան մարմինները համապատասխան հետաքննություն իրականացնելուց հետո կբացահայտեն այս ողբերգական դեպքի իրական պատճառները: