Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Ավելի քան 35 տարի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ռեժիսորի օգնական, իսկ ավելի վաղ Ղափլանյանին անվան թատրոնում դերասան աշխատած Լիանա Պողոսյանին աշխատանքից ազատել են «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդմանը տված հարցազրույցի պատճառով: Երվանդ Ենգիբարյանի մայրը, խոսելով որդու երազանքի մասին, ասել էր, որ նա երազում էր վաստակավոր դերասանի կոչմանն արժանանալու մասին: Հաղորդմանը եթեր գնալու հաջորդ օրը նրան ազատել են աշխատանքից:

Մեզ հասած տեղեկությունները փորձեցինք ճշտել Լիանա Պողոսյանից: Երվանդ Ենգիբարյանի մայրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մոտ մեկ շաբաթ է՝ չի աշխատում, բայց աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: «Ես ինքս եմ գրել դիմում, նույնիսկ չգիտեմ՝ ընդունել են այն, թե ոչ: Ես շատ շնորհակալ եմ թատրոնի տնօրինությանը ինձ եւ իմ տղայի համար արածի համար, որեւէ վատ բան չեմ կարող ասել նրանց մասին, իրենք չեն ազատել, ես իմ կամքով եմ հեռացել աշխատանքից»,-ասաց Լիանա Պողոսյանը: Նա նշեց, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել այս հարցի շուրջ, միայն հաստատեց, որ իր աշխատանքից ազատվելու դիմում գրելու պատճառը եղել է «Սուր անկյուն» հաղորդմանը տված հարցազրույցը: «Ինձ հարցրել են՝ ինչ էր երազում քո տղան, ես ասել եմ՝ ամեն ինչ ուներ իմ տղան, նա միայն երազում էր վաստակավոր դերասանի կոչում ստանար, եթե իմ տղան այսօրվա օրով ավելի քիչ խաղացանկ է ունեցել եւ ավելի վատ դերասան է եղել նրանցից, ովքեր ունեն վաստակավորի կոչում, այդ դեպքում թող ասեն, որ ես սխալ եմ կամ իր հանդիսատեսին հարցնեն: Ես ինքս չհասկացա, թե ինչ կատարվեց, կարծես լույս էր, արեւ էր ու միանգամից մարեց, ատոմային ռումբի պես մի բան: Ես միայն ասում էի՝ ինչ եք ուզում ինձանից»,-ասաց Լիանա Պողոսյանը: Դերասանի մայրը դեռ ուշքի չի եկել թատրոնը՝ իր առաջին տունը լքելուց հետո, աշխատանքից ազատվելուց հետո նա անկողնու մեջ է եւ նույնիսկ չի էլ մտածում հետագա անելիքների մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երվանդ Ենգիբարյանը մահացել է 2013թ հոկտեմբերի 22-ին, երբ վերադառնում էր իր տարեդարձը նշելու խնջույքից: Նա Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Երվանդը ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ին Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր:

news.am