Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 43-ամյա տղամարդու գործը, ով մեղադրվում է իր անչափահաս դստերը պարբերաբար բռնաբարելու, անառակաբարո գործողություններ կատարելու, խոշտանգելու համար:
Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը 2013 թվականի դեկտեմբերին, 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին իրենց տանը ակնհայտ 16 տարին չլրացած՝ 1999 թվականի սեպտեմբերին ծնված 15-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ:
Նա պոռնկագրական տեսաֆիլմեր ու նկարներ է ցուցադրել իր աղջկան, սեռական կյանքին վերաբերող զրույցներ է վարել, անպարկեշտ կերպով հպվել է դեռահաս աղջկա մարմնի մասերին, շոյել է սեռական օրգանները՝ նպատակ ունենալով գրգռել երեխայի սեռական բնազդը, սեռական հետաքրքրությունները և , ըստ մեղադրանքի, բավարարել է իր սեռական պահանջմունքները:
Անցած տարվա հունիս-հուլիս ամիսներին տղամարդը, առաջադրված մեղադրանքի համաձայն, խոշտանգել է իր անչափահաս, իրենից նյութական կախվածություն ունեցող աղջկան, նրան պարբերաբար ծեծել է, նրա հետ կապված անձանց հետ շփումները տևական ժամանակով սահմանափակել ու արգելել է, «բազմանգամյա» ցավ, մարմնական ու հոգեկան տառապանքներ է պատճառել:
Հուլիսին, ըստ մեղադրանքի, տղամարդն իր անձնական օգտագործման մեքենայի սրահում 18 տարին չբոլորած իր անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով ու սպառնալիքներ տալով:
Մի քանի օր հետո ամբաստանյալն իր ննջասենյակում է բռնաբարել անչափահաս դստերը: Նույնը կրկնել է ևս մեկ անգամ:
Տղամարդը մեղադրվում է երեք դրվագով անչափահաս աղջկան բռնաբարելու, նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև անչափահաս դստերը ծեծելու, խոշտանգելու, ֆիզիկական ու հոգեկան տառապանք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 3 դրվագ, 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:
Սեփական անչափահաս դստերը բռնաբարած «հայրիկը» կալանքի տակ է: