Փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինծառայող, փոխգնդապետ Արտակ Աղեկյանը զոհվել է՝ փորձելով փրկել 20-ամյա Հայկ Բարոյանի կյանքը, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել, փոխարենը Արտակը փրկել է երեք հոգու կյանք: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, NEWS.am-ին հայտնեց Արտակ Աղեկյանի քրոջ ամուսինը՝ Ահարոն Խաչատրյանը։
«Դիվերսիայի ժամանակ դիմադրությունն այնպես է կազմակերպել, որ քիչ զոհեր են եղել։ Ինքը զոհվել է, քանի որ փորձել է մյուս զինծառայողին փրկել, բայց երեք հոգու հաջողվել է փրկել: Ամբողջ քաղաքը սգում է, մյուս զինվորը՝ Հայկը, որը նույնպես մահացել է, իր վարորդն էր, նույնպես Տաշիր քաղաքից: Մեզ մոտ հիմա համաքաղաքային վիշտ է»,-ասաց Ահարոն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ զինծառայողներ 36-ամյա Արտակ Աղեկյանի եւ 20-ամյա Հայկ Բարոյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 3-ին՝ ժամը 17:00-ին, Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում, իսկ զինվորական կարգով հուղարկավորությունը՝ մարտի 4-ին՝ ժամը 13:00-ին, Տաշիրի քաղաքային գերեզմանատանը:
Նշենք, որ Արտակ Սեդրակի Աղեկյանը Տաշիր քաղաքից էր, ամուսնացած էր, ունի երկու երեխա՝ աղջիկ եւ տղա: Մեր տեղեկություններով՝ նա զինված ուժերում է 1996 թվականից: Մյուս զոհված զինծառայողը՝ նրա համաքաղաքացի, ժամկետային Հայկ Բարոյանը, որը զորակոչվել էր 2013թ. աշնանը, տան ավագ որդին էր, ունի 3 տարեկան եղբայր։
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Արտակ Աղեկյանը եւ Հայկ Բարոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 20-ամյա Հայկ Գրիգորի Բարոյանը: