Այն բանից հետո, երբ ԲՀԿ նախկին առաջնորդ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին և ըստ էության խզեց բոլոր կապերը կուսակցության հետ՝ իհարկե հայտնի իրադարձությունների կոնտեքստում, հնչում են գնահատականներ, որ ԲՀԿ-ն այսօր ավելի քաղաքական ուժ է դարձել, քան նախկինում:
Մինչդեռ այս բնորոշումները ներկայիս ԲՀԿ-ի համար պարզապես հաճոյախոսություն են` թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ ԲՀԿ-ն, լինելով նախկինի ընդամենը ուրվականը, ըստ էության դեռ չի էլ որոշակիացել որպես միս ու արյուն ունեցող քաղաքական միավոր: Ավելին` դրա կարիքը երևի թե չկա էլ, քանի որ անիմաստ է խոսել մի ուժի քաղաքական գործունեության մասին, որը ընդամենը հաշված օրերի ընթացքում ենթարկվել է, այսպես ասած, մի քանի «պլաստիկ» վիրահատության: Բանն այն է, որ քաղաքական ուժ լինել-չլինելը բոլորովին չի չափվում այդ կուսակցության մեջ գիտական կոչում ունեցող անդամների քանակով կամ անդամների և առաջնորդների տիրապետած լեզուների քանակով, կամ կարդացած գրքերի քանակով, աշխարհի քարտեզի անգիր իմացությամբ և այլն:
Քաղաքականությունն «Ինչ, որտեղ, երբ» չէ: Քաղաքականությունը հանրային գործունեության մի ոլորտ է, որտեղ դրանով զբաղվողների խնդիրն է հանրային հնարավորինս լայն ընդունելություն գտնելը: Թե ինչ մեթոդներով է ապահովվում այդ ընդունելությունը` բոլորովին այլ խնդիր է, և այստեղ, իհարկե, քննարկելու շատ հարցեր կան` և՛ առօրյա անցուդարձի, և՛ պատմափիլիսոփայական կոնտեքստում: Այստեղ շոշափվում են հասարակական կրթվածության, իրավագիտակցության, արժեհամակարգի և շատ այլ խնդիրներ, միևնույն ժամանակ առաջանում է հանրային էլիտաների ձևավորման խնդիրը, և ի վերջո` կարող ենք հասնել հավի ու ձվի պատմությանը:
Քաղաքականությունն արտոնագրային գործունեություն չէ, այլ հանրային տրամադրությունների տնօրինման համար մրցակցություն, որում ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի հետ կենսունակ ուժ էր, առանց Գագիկ Ծառուկյանի՝ ոչինչ: Եվ ըստ այդմ էլ` ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանով ավելի քաղաքական ուժ էր, քան առանց նրա: Հենց այդ հանգամանքն էր նաև, որ Սերժ Սարգսյանի համար հրատապ դարձրեց նրան հեռացնելու խնդիրը: Ծառուկյանը ինտելեկտուալ չէր, մականունավոր էր, չէր փայլում իր գիտելիքներով, սակայն հայաստանյան հանրության մենթալության շրջանակում նա տնօրինում էր հանրային հսկայական տրամադրությունների: Ընդ որում` միայն գումարով չէ, որ առկա էր այդ տնօրինումը: Իհարկե, գումարները հսկայական հարցեր էին լուծում, սակայն նաև անվիճելի է, որ եթե Ծառուկյանը նույնչափ ֆինանսավորեր ԲՀԿ-ն, սակայն իր փոխարեն այդ կուսակցության որևէ այլ անդամ լիներ առաջնորդ, էֆեկտը չէր կարող լինել համեմատելի:
Սերժ Սարգսյանն այս ամենը շատ լավ էր հաշվարկել, և նրա համար խնդիրը հենց Ծառուկյանի գործոնն էր: Հայաստանում այս պահին որևէ այլ գործիչ չուներ և չունի հանրային տրամադրության վրա այն համախառն ազդեցությունը, որ ուներ Ծառուկյանը: Իհարկե, այստեղ պետք է արձանագրել մի կարևոր հանգամանք ևս: Այդ ազդեցության ձևավորման հարցում իր մեծ լուման ունեցել է նաև իշխանությունը` օգնելով Ծառուկյանին դառնալ, այսպես ասած, ընդդիմության առաջնորդ: Ամենայն հավանականությամբ, իրականացվել է ինչ-որ առումով մշակված, ծրագրավորված գործողություն՝ իշխանությունները իրենց քայլերով արեցին հնարավորը, որ հասարակության մի զգալի հատվածը` ի դեմս Գագիկ Ծառուկյանի դադարի տեսնել իշխող համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկին, այլ ընկալի նրան արդեն որպես փրկիչ:
Իհարկե, այս հարցում անգնահատելի ծառայություն մատուցեցին նաև, այսպես ասած, մի շարք ընդդիմադիրներ, և այստեղ, իհարկե, նրանց շահերը իշխանության շահերի հետ կամա, թե ակամա համընկնում էին, սակայն կասկածից վեր է, որ Ծառուկյանի առաջնորդության, նրա կերպարի հասարակական ընկալման շուրջ փոփոխությունների հարցում առանցքային դեր ունեցավ իշխանությունը՝ իր ապաշնորհ քաղաքականությամբ:
Այստեղ, ի դեպ, երկակի խաղ էր խաղացվում՝ մի կողմից իշխանությունները վստահ էին, որ իրենց անարդյունավետությունը չեզոքացնելու է բուֆեր ԲՀԿ-ն` բաց թողնելով հասարակական դժգոհության գոլորշին, ինչն էլ ըստ էության տեղի էր ունենում մի քանի տարի, մյուս կողմից` նրանք այդպիսով կերտում էին Ծառուկյան ընդդիմադրին, մինչև որ նա վերջնականապես կխժռեր, այսպես ասած, ընդդիմադիր ողջ դաշտը, առաջիկա մի քանի տարիների համար կամայացներ դաշտը՝ իշխանությունների համար 2017-18-ը, ըստ էության, այդ ամայության մեջ անցկացնելու հնարավորություն ապահովելով, որից հետո էլ ցուցադրաբար «կգլխատվեր» Ծառուկյանը` այս անգամ էլ ցույց տալով, որ իշխանության դեմ խաղ չկա:
Բազմաքայլ մի գործողություն, որը հասարակության դեմ կիրառվեց մի քանի տարի տևողությամբ ու ունեցավ իր` այսպես ասած տրամաբանական ավարտը, որից հետո քաղաքականության, քաղաքական ուժի մասին խոսելը պարզապես ինքնախաբեություն է: Ինչքան էլ պարադոքսալ հնչի, Գագիկ Ծառուկյանի հեռացումով քաղաքականությունը Հայաստանում ավարտվել է: Այսինքն` ավարտված էր նրանից առաջ էլ,- նրա քաղաքականության մեջ լինելն էլ, մեծ հաշվով, վկայում էր Հայաստանում քաղաքական կյանքի սնանկության մասին,- բայց նրա հեռացումով, ըստ էության, ամեն ինչ դարձել է արդեն չափազանց տեսանելի, և խոսել այն մասին, թե այս կամ այն ուժը արդեն քաղաքական ուժ է, նշանակում է կամա, թե ակամա շարունակել մոլորեցնել հանրային կարծիքը` ինչպես որ մի քանի տարի շարունակ Ծառուկյանից կերտվում էր նոր «ազգափրկիչ»:
Հայաստանում այժմ քաղաքական ամայություն է և կլինի այնքան, քանի դեռ չի սահմանվել քաղաքականության նոր նշաձող: Եվ այս իմաստով սադրիչ են նաև հայտարարությունները, թե ո՞ւր են այն ուժերը, որոնք քննադատում էին ոչ իշխանական բևեռն ու հայտարարում, որ այդ բևեռը կեղծ ընդդիմություն է, ինչո՞ւ այդ ուժերը ոչ իշխանականների հեռանալուց հետո չեն լցնում դաշտը, հրապարակները: Այդ հայտարարությունները սադրիչ են, որովհետև դրանք ըստ էության կոչ են ձևի, բայց ոչ բովանդակության: Իսկ Հայաստանը ունի բովանդակային քաղաքականության կարիք, որովհետև ձևի իմաստով քաղաքականությունը Հայաստանում անպտուղ դրսևորվել է բոլոր հնարավոր դիրքերից: