«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա ընկերների սպանության գործով հետախուզվող «Գաստրիկը»՝ Վահան Հակոբյանը, հարուստ քրեական անցյալ ունի:

Մեր տեղեկություններով՝ 2006-2007թթ նա հայտնվել էր հերթական աղմկահարույց միջադեպի կենտրոնում: Միջադեպը եղել էր 3-րդ մասում, վիճաբանել էին, հնչել էին կրակոցներ, բայց այդ անգամ դեպքը կենցաղային հողի վրա էր, վիճել էին հարեւանների հետ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, 34-104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ) մեղադրանք էր առաջադրվել Գաստրիկի դեմ, նա կալանավորվել էր: Մի քանի ամիս նստելուց հետո՝ Ամանորի շեմին, դատարանը չէր երկարացրել նրա նկատմամբ ընտրած խափանման միջոց կալանքը եւ «Գաստրիկը» ազատ էր արձակվել: Այնուհետեւ դատաքննության փուլում նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել էր, մեղադրանք էր առաջադրվել ՔՕ-ի 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնել: Դատաքննության փուլում գործը կարճվել էր, կողմերը՝ հաշտվել, իսկ Գաստրիկը՝ արդարացվել:

Սա, սակայն, միակ աղմկահարույց դեպքը չէ, երբ շոշափվել է նրա անունը: Դրանից մոտ 1 տարի անց Գաստրիկը մեկ այլ միջադեպի կենտրոնում է հայտնվում, այս անգամ նա իր եղբոր՝ «Բոյով» մականունով Արմեն Հակոբյանի, ընկերների՝ «Քլունգի», «Ալբերտիկի», «Գիժի» եւ «Ստյոպիկի» հետ վիճաբանել է «Պանդոկ» ռեստորանի տնօրենի եւ նրա ընկերների հետ: Գաստրիկը այս անգամ մեղավոր էր ճանաչվել խուլիգանության համար, դատապարտվել էր ազատազրկման 8 ամիս ժամկտով, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

Մեզ հաջողվեց պարզել, որ Գաստրիկը ամուսնացած չէ, հայրը մահացած է, ունի եղբայր եւ մայր: Նրան ճանաչողները փաստեցին Գաստրիկի քրեական աշխարհի հետ ունեցած կապը՝ նշելով, որ նա միշտ էլ մեծ շրջապատ է ունեցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:

Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Մելիքյանը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:

Հ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:

«Քաղաքացիներին կոչ ենք անում հիշյալ անձանց վերաբերյալ որեւէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12—32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

news.am