Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Գազել» մակնիշի 15 US 247 համարանիշի և Ford Transit 349 UL 25 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Transit-ը, որը հաշվառված է Արտաշատի հիվանդանոցի հաշվեկշռում, կողաշրջվել է: Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող շտապօգնության բաժնի վարիչը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 5 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանի, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի վայր է ժամանել նաև Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են քննիչներն ու ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Գրիգոր Ղազարյանը, ում կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Արտաշատի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնության խումբը կանչով մեկնում էր Բերդիկ գյուղ, որտեղ տեղի էր ունեցել դժբախտ դեպք. 20-ամյա երիտասարդը ըստ նախնական տեղեկություններով՝ կախվելու միջոցով ինքնասպան էր եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետ կապված Արարատի մարզ է ժամանել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազել»-ը բարձված է եղել գարեջրով: *** 00:55 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 27-ամյա Կարապետ Արայիկի Գրիգորյանն էր, ով աշխատում էր Արտաշատի շտապօգնության հիվանդանոցում բաժնի վարիչ: Վիրավորներն են Արտաշատ քաղաքի բնակիչներ, շտապօգնության մեքենայի վարորդ 62-ամյա Հրաչ Կարապետյանը, բուժքույր 55-ամյա Լիանուշ Համբարձումյանը, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ բժիշկ 27-ամյա Ռուբիկ Միսակյանը և բեռնատար Գազելի վարորդ Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ 36-ամյա Արամայիս Հակոբյանն ու նրա ուղևոր Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 20-ամյա Ռոբերտ Գասպարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, տեղում փրկարարական աշխատանքները ղեկավարել է Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Միքայելյանը և Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանը:
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են բեռնատար «Գազել»-ն ու շտապօգնության մեքենան. շտապօգնության բաժնի վարիչը մահացել է. կա 5 վիրավոր…
Comments are closed.