Եթե եղել են մարդիկ, որոնք Ծառուկյանի ստեղծածն են եւ իր անձի շուրջն են հավաքված եղել, եւ ոչ գաղափարի, ես նմանների դուրս գալը համարում եմ իրենց տեսակետից ճիշտ, քանի որ զավակը պիտի գնա ծնողի հետեւից, դա բարոյական է:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը («Ծաղիկ Ռուբոն»): Ներկայացնում ենք հարցազրույցը ամբողջությամբ:
Կցանկանայի նախ գնահատեիք ԲՀԿ-ի տեղի ունեցածը, ի՞նչ կատարվեց եւ ինչո՞ւ Ծառուկյանը որոշեց այդպես կտրուկ հրաժարվել ԲՀԿ-ից եւ հեռանալ ակտիվ քաղաքականությունից:
Դա շատ խուճուճ եւ շատերի համար անհասկանալի դաշտում տեղի ունեցավ, որտեղ դերի մեծ մասը քաղաքական կեղտով հագեցած պրոֆեսիոնալ վիրուսինն էր: Ցավում եմ եղածի համար, հատկապես՝ Ծառուկյանի, որը ժողովրդի ցավը իրենը համարելով, մխրճվեց ժողովրդի կողմից իշխանության նկատմամբ ունեցած դժգոհության այդ հորձանուտը, եւ թեկուզ քաղաքական կեղտից իրեն միշտ հեռու պահելով՝ դարձավ քավության նոխազ այդ ողջ իրադրության, իսկ քաղաքական այդ նույն հայտնի վիրուսակիրը այժմ իր համար մի նոր դաշտ է փնտրում:
Այս դեպքերից առաջ եւ հետո հանդիպե՞լ, զրուցե՞լ եք Ծառուկյանի հետ, ինչպե՞ս են այժմ ձեր հարաբերությունները:
Մենք շարունակում ենք մնալ ընկերներ, քաղաքականությունը կամ դրա բացակայությունը դեր չի խաղացել մեր ընկերության մեջ: Հանդիպում եղել է եւ էլի կարող է լինել, բայց արդեն՝ քաղաքականությունից դուրս:
ԲՀԿ նախագահ է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, ով ԲՀԿ-ն հայտարարել է ընդդիմություն: Ըստ Ձեզ՝ նա կկարողանա ղեկավարել ընդդիմադիր ԲՀԿ-ն:
Գագիկ Ծառուկյանի առաջարկով ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը ճիշտ էր եւ արդարացի: Նա քաղաքականապես կայացած է եւ հետագայում անխոցելի՝ որպես հետապնդումների թիրախ: Կուսակցության կառավարումը թիմային է եւ թիմում կան հասարակայնությոն վայելող քաղաքական գործիչներ, որոնք Նաիրա Զոհրաբյանի կողքին գտնվելով՝ առանց ցնցումների առաջ կմղեն կուսակցությունը:
Մինչեւ Ծառուկյանի դուրս գալը եւ առավել եւս նրա դուրս գալուց հետո ԲՀԿ-ն լքում են բազմաթիվ պատգամավորներ, քաղաքապետներ, նախկին եւ ներկա այլ պաշտոնյաններ: Ինչպե՞ս եք վերաբերում ԲՀԿ-ից ընթացող համընդհանուր արտագաղթին: Ձեր գործընկերները պնդում են, որ Ծառուկյանից հետո այլեւս անիմաստ է մնալ ԲՀԿ-ում:
Եթե եղել են մարդիկ, որոնք Ծառուկյանի ստեղծածն են եւ իր անձի շուրջն են հավաքված եղել, եւ ոչ գաղափարի, ես նմանների դուրս գալը համարում եմ իրենց տեսակետից ճիշտ, քանի որ զավակը պիտի գնա ծնողի հետեւից, դա բարոյական է: Մինչ Ծառուկյանի դուրս գալը հեռացածները վաղուց իրենց կողմնորոշում ունեցող պատգամավորներ են եղել, նրանց քաղաքական ուղղվածության հետ պետք չէ խառնել ճիշտն ու սխալը: Իսկ կուսակցությունում մնացած մյուս հայտնիների մոտ գաղափարի, տեսակետի եւ տեսակի խնդիրն է իշխում:
Ի՞նչ եք պատրաստվում անել Դուք, կմնաք, թե կհետեւեք ձեր որոշ գործընկերների օրինակին եւ կլքեք ԲՀԿ-ն:
Իմը տեսակի խնդիր է, Ծաղիկ Ռուբոն կյանքի ոչ մի ժամանակահատվածում տեսակը չի փոխում: Ժամանակին ԲՀԿ-ից դուրս գալու բազում պատճառներ են եղել, բայց իմ մեջ պայքարել եմ տեսակս մաքուր պահելու համար: Հարցը ԲՀԿ-ն չէ, հարցը 4 պատն է՝ դա լինի կազմակերպության թե կալանավայրում գտնվող խցիկի պատեր, ես պետք է վերջինը դուրս գամ, կհրեն, գցեն, թե ինքս դուրս կգամ, կապ չունի, վերջինը: ԲՀԿ-ից դուրս չեմ գա, քանի որ կյանքումս ինձ հանդիպած անգամ կործանվող վագոններից վերջինն իջնողի արտոնագիրը իմն է միշտ եղել եւ այդպես էլ կլինի: Ի դեպ, շուտով կվերջացնեմ «Կյանքիս վերջին վագոնը» խորագրով վեպը եւ կհանձնեմ ընթերցողի դատին:
Գաղտնիք չէ, որ Ձեր կողմից հիմնադրված Երդվյալ ազատամարտիկների միությանը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում Գագիկ Ծառուկյանը: Նա կշարունակի՞ օգնել երդվյալներին, թեոչ,ի՞նչ է լինելու ԵԱՄ ճակատագիրը:
Կազմակերպության հիմնադիրն եւ նախագահը ես եմ, այն ղեկավարում է համագումարում ընտրված հրամանատարական խորհուրդը, նրա ստեղծման հետ բացարձակ կապ չի ունեցել Գագիկ Ծառուկյանը, իր կապը վերջին ամիսներին եղել է այնքանով, որ որպես բարեգործ՝ իր օգնությունն է ցուցաբերել կազմակերպությանը, որի համար շնորհակալ ենք եւ հենց այդ պատճառով էլ մասնակցել ենք նրա հանրահավաքներին՝ բարոյական դաշտի առումով աջակցելով Ծառուկյանին: Ինքն այլեւս չի օգնում մեզ եւ դրանից ցնցված չենք: Մեր մեջ չկար նման պայմանավորվածություն, մենք բարոյապես ազատ ենք եւ ոչ մեկին պարտական չենք, բացի մեր երկրին, պետությանը, ժողովրդին եւ հայրենիքին: