Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Լալա Ավետիսյանի գործի դատական քննությունը:
36-ամյա Լալան մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Լալան անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ Նորքի 4 –րդ զանգվածի Բակունցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկին կից գործող վարսավիրանոցի մոտ, ապա վարսավիրանոցի ներսում վիճաբանել է իր ծանոթ տաքսիստ Արթուր Ա.-ի հետ:
Վիճաբանության ընթացքում Լալա Ավետիսյանը Արթուրի առողջությանը ծանր վնաս է պատճառել: Աշխատանքային գործիք սանրը Լալան գործադրել է որպես սուր կտրող-ծակող գործիք, որով հարվածել ու վնասել է Արթուրին:
Լալայի նկատմամբ սկզբում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ապա խափանման միջոցը փոփոխվել է, կիրառվել է գրավ, ու Լալան ազատվել է կալանքից:
Ըստ ամբաստանյալի՝ վիճաբանությունն իր և ծանոթ տաքսիստի միջև եղել է այն պատճառով, որ այդ տաքսիստն իր հասցեին արատավորող տեղեկություններ է տարածել: Ինքը պարզել է այդ հանգամանքը, փորձել է պարզաբանել հենց Արթուրի հետ:
Վերջինս իրեն վարսավիրանոցում ծեծել է, ինքն էլ նրան հարվածել է… սանրով:
Այնուամենայնիվ, Լալան ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունը սկսվելու պահին իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:
Տուժողը և մեղադրողը չեն առարկել: Տուժողը քաղհայցի պահանջ չի ներկայացրել:
Դատարանը հաշվի է առել, որ Լալայի խնամքին է առաջին խմբի հաշմանդամ քույրը:
Լալա Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 1 ամիս 28 օրը, և վերջնական պատիժ է սահմանվել 2 տարի 10 ամիս 2 օր ազատազրկումը:
Պատժի սկիզբը կհաշվվի Լալային փաստացի կալանքի տակ առնելու օրվանից: