Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանված Երրորդմասցի Լյովիկի (Լևոն Ղազարյան), Դրոյի (Դրաստամատ Թադևոսյան) և Մեսրոպ Նազարյանցի հետ հնարավոր է սպանվեր նաև «օրենքով գող» Պզոյի հարազատ եղբայրը՝ Աշոտ Ղազարյանը: Հիշեցնենք, որ աղմկահարույց այս սպանությունների գործը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը: Անցած 12 օրում խիստ գաղտնի են պահվում նախաքննության տվյալները: Հայտնի է միայն, որ երեք զոհերի սպանության մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), Սարգիս Հախանումյանի (Տլե) և Վահան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Որքան էլ գաղտնի են պահում սպանության մանրամասները, որոշ դետալներ, այնուամենայնիվ, պարզվել են այս օրերին: Մեր տվյալներով` մարտի 4-ին Երրորդմասցի Լյովիկին «Նուբարաշենում» պետք է հանդիպեր «օրենքով գող» Պզոյի հարազատ եղբայրը՝ Աշոտ Ղազարյանը: Նրանք պայմանավորվել էին միասին հանդիպել մեկուսարանում գտնվող ծանոթին և հետո քննարկել որոշ հարցեր: Աշոտ Ղազարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ է հասնում Լյովիկից շուտ: Տեսնելով, որ վերջինս ուշանում է, Աշոտը մեկուսարանի անցակետ է մտնում, տեսակցության համար գրանցվում է գրանցամատյանում, և անձնագիրը հետ վերցնելիս լսում է կրակահերթեր: Երբ դուրս է վազում, տեսնում է, որ Լյովիկն ու նրա երկու ընկերներն արդեն սպանված են: Ըստ որոշ տվյալների` Լյովիկը մի քիչ ուշացել էր «պոչի» պատճառով: Մի քանի ավտոմեքենաներով «Նուբարաշեն» մեկնող Լյովիկն ու իր ընկերները նկատում են, որ իրենց հետապնդող ավտոմեքենա կա, հեռախոսով պայմանավորվում են, որ մեքենաներից երկուսը հետ մնան՝ պարզելու, թե ովքեր են իրենց «պոչից» կպել: Այդպես բաժանվում են երկու մասի:

Բայց «պոչ» ասվածը անհետանում է տեսադաշտից, իսկ հետո պարզվում է, որ «պոչն» ավելի շուտ է հասել Նուբարաշեն:

Մի խոսքով՝ այս ամենի արդյունքում Պզոյի եղբայրը փրկվում է դաժան գնդակահարությունից:

Nyut.am