Շփման գծում զոհված զինծառայողներից մեկը՝ Հակոբ Գագիկի Խաչատրյանը, ԼՂՀ-ից է:
Նա Քաշաթաղից է: Մյուս զոհված զինծառայողը՝ Արշակ Կարենի Հարությունյանը Էրեբունի վարչական շրջանից է, իսկ Էդուարդ Գագիկ Հայրապետյանը՝ Աշտարակից: Նրանք բոլորն էլ ժամկետային զինծառայողներ են, առայժմ չհաջողվեց ճշտել վիրավորների ինքնությունը: Մեր տեղեկություններով՝ դիվերսիա է եղել, հակառակորդը հարձակվել է մարտական հենակետի ուղղությամբ, օգնության է հասել խումբ, ով հետ է շպրտել հակառակորդին եւ սկսել հետապնդել նրանց: Հակառակորդը ունի առնվազն 12 զոհ, նրանց մի մասը պայթել է ականի վրա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պարտադիր ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 19.03.2015թ.՝ ժամը 08:30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հակոբ Գագիկի Խաչատրյանը, Արշակ Կարենի Հարությունյանը, Էդուարդ Գագիկի Հայրապետյանը: Եվս չորս զինծառայող ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

news.am