«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան կրկին կտրուկ լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական դիվերսիոն փորձը կանխելու հայկական կողմը ունեցել է 3 զոհ եւ չորս վիրավոր: Ըստ այդ հաղորդագրության՝ ադրբեջանական ջոկատը ոչնչացվել է: Սակայն դա, իհարկե, մեղմ ասած՝ շատ փոքր մխիթարություն է այն ցավի, որ մենք ունենում ենք յուրաքանչյուր հայ զինվորի կորստի համար: Իսկ այս անգամ մենք կորցրել ենք 3 զինվոր:
Լարվածության հերթական դրսեւորումը առանձնահատուկ բնույթ է կրում այն պատճառով, որ ըստ էության այն հաջորդել է Երեւանում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որ վերաբերում էր Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքին: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ խնդիրը պետք է լուծվի, այլապես վատ կանդրադառնա հայ-ռուսական հարաբերության վրա, եւ որ հայ զինվորը փաստորեն գիտակցում է, որ իր վրա կրակում են ռուսական զենքից:
Այս՝ իրականում աննախադեպ հայտարարությանը, փաստորեն, հաջորդեց հերթական միջադեպը շփման գծում, ինչն ուղղակի կամ անուղղակի կարող է հանդիսանալ Սերժ Սարգսյանի հայտարարության պատասխանը:
Իհարկե, հայկական դիրքերի վրա հերթական անգամ ոչ թե Ռուսաստանը, այլ Ադրբեջանն է հարձակվել, սակայն խնդիրն այն է, որ այդ հարձակումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո, ինչը նշանակում է, որ Բաքուն չէր կարող նման սադրանքի գնալիս հաշվի չառնել այդ հայտարարության հանգամանքը: Փաստորեն, Բաքվի այդ սադրանքը գալիս է հավաստելու Սերժ Սարգսյանի խոսքերի եւ բարձրացված խնդրի իրավացիությունը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, գործնական, իրեղեն ապացույց է ավելացնում Սերժ Սարգսյանի խոսքերին, թարմ ապացույց եւ ռուսական կողմին էլ ըստ էության զրկում հակափաստարկներից: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Բաքուն այսպիսով իր կողմից է լուրջ հարված հասցնում Ռուսաստանին:
Մինչդեռ ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանը նման բանում շահագրգռված լինել չէր կարող, եւ ուրեմն եթե գնացել է նման քայլի, ապա պարզապես համաձայնեցնելով Ռուսաստանի հետ եւ վստահ լինելով, որ Ռուսաստանը դա չի դիտարկելու որպես հարված Հայաստանի հանդեպ Կրեմլի դիրքերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում