Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում այսօր՝ ապրիլի 12-ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագին հայկական ծիրանափող հնչեց:
Սա աննախադեպ էր ոչ միայն Սուրբ Պետրոսի տաճարում հնչելու, այլեւ ընդհանրապես պատարագի ընթացքում հնչելու առումով:
Սուրբ պատարագի ընծաները՝ հացը եւ գինին, դեպի սուրբ խորան տարան հայկական տարազներով երեխաները:
Պատարագի ընթացքում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:
Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին աղոթ հնչեց տարբեր լեզուներով՝ հայերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն եւ պորտուգալերեն:
Նշենք, որ այս պատարագը պատմական իրադարձություն է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ համատեղ պատարագ են մատուցում առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիները: