Կոլայից հրաժարումը` գնալով ավելի ու ավելի է դառնում իրատեսական հայկական սպառողի համար: Որոշ հայ գործարարներ անգամ դադարել են իրենց պատկանող սննդի օբյեկտներում վաճառել ընկերության արտադրած ըմպելիքները: Պատճառը, ինչպես գիտեք. ընկերության գլխավոր տնօրեն Մուհթար Քենտի հակահայկական քարոզարշավին ակտիվ ներգրավումն էր հատկապես Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին: Արդեն որքան ժամանակ է՝ հայկական կազմակերպությունները բողոք նամակ են հղում «Coca Cola» ընկերությանը՝ Քենտի համագումարում ընկերության անունից ներկայանալու և բիզնես էթիկայի կանոնները խախտելու մեջ։
Այս ընկերության հետ խնդիրներ ունեն նաև ոչ միայն հայերը: ԱՄՆ-պաղեստինյան համայնքի ցանց կազմակերպությունը արդեն քանի տարի է կոչ է անում բոյկոտելու Կոկա Կոլայի ապրանքը, քանի որ ընկերությունը սերտ համագործակցում է իսրաելական իշխանությունների հետ ու գործարան է կառուցել պաղեստինյան օկուպացված տարածքներում: Պաղեստինցի արաբներին ներկայացնող այս կազմակերպությունը ամերիկահայության դաշնակիցն է ու հանդես է գալիս Հայոց Ցեղասպանության դատապարտման և ճանաչման դիրքերից:
Ի դեպ թուրքական կողմը ևս օգտագործում է հաճախ հայազգի գործարարների նկատմամբ բողոքի մարտավարությունը: Օրինակ՝ մի քանի տարի առաջ թուրք-ադրբեջանական կազմակերպությունները բողոքով դիմեցին Hyatt Hotels կորպորացիայի խորհրդին ընդդեմ կորպորացիայի հայազգի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոպլամազյանի՝ կապված վերջինիս մասնակցության ամերիկահայ կազմակերպությունների միջոցառմանը որպես կորպորացիայի տնօրեն՝ սպառնալով անգամ դադարեցնել Բաքվում և Ստամբուլում Hyatt հյուրանոցների գործունեությունը: Բնական է, որ սպառնալիքներից այն կողմ հարցը չգնած: Փաստորեն հայ-թուրքական գլոբալ լոբիստական «պատերազմը» ոչ միայն ընթացքի մեջ է, այլ նաև գնալով թեժանում է: Սակայն չմոռանանք նաև, որ «Կոկա Կոլա Հելլենիկ» ընկերությունը Հայաստանում խոշոր հարկատուներից է, որը աշխատատեղերով է ապահովում բազմաթիվ մեր հայրենակիցներին, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում սպառվում է հենց այդ ընկերության արտադրանքը: