Գորիսում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցություն է ունեցել նաեւ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: NЕWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին, երեկոյան, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեքենա վարելիս զուգահեռ անցնող ավտոմեքենան երթեւեկությունը խախտել է, վեճ է առաջացել, ապա պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները, որոնք Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն եւ որոշակի խնդիրներ են ունեցել Սյունիքի մարզպետի հետ, գնացել են նշված տարածք:
2 եղբայրներին դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ, վիճել են, հայհոյել եւ հավաքվածները ծեծի են ենթարկել եղբայրներին: Նրանցից մեկի վիճակը ծանր է եղել, տեղափոխվել է Երեւան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդի աչքն է վնասված եւ առայժմ հայտնի չէ, թե վիրահատությունից հետո տեսողությունը կվերականգնվի, թե՝ ոչ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS,am-ին հայտնեցին, որ «Գորիսի» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել աջ աչքի վնասվածքով, կոպի պատռվածքով մի քաղաքացի: Պարզվել է, որ վնասվածքը ստացել է մայիսի 2-ին Սդղի գյոլ տարածքում վիճաբանության ժամանակ, կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են: