Էլի ճակատագրի զոհ դարձած անչափահաս երեխաներ: Խարբերդում բնակվող 3 եղբայրների մայրը լքել է նրանց դեռ մանկուց, իսկ հայրը մի շարք հիվանդությունների պատճառով անաշխատունակ է՝ արնահոսություններ, ուշագնացություններ և այլն: Երեխաները մնացել են տատիկի խնամքին, ով էլ հաշմանդամ է, այս պահին նույնիսկ ինքնուրույն քայլելու հնարավորություն չունի, քանի որ սայթաքել և ընկել է, ինչի արդյունքում կոտրվածք ունի: 13-ամյա թոռնիկն է փոքրիկ, անբարեկարգ տնակը մաքրում, կարգի բերում, տատիկին և հորը խնամում, իսկ նրա 14 և 15 տարեկան եղբայրներն ամբողջ օրը շիշ և մետաղ են հավաքում, որպեսզի հանձնեն և հացի գումար հասցնեն “տուն”: Տունը գրեթե դատարկ է, երեխաները հատակին են քնում, չկան հարմարություններ, մահճակալ, սպիտակեղեն, անկողին: Մի հեռուստացույց ունեն, որը չի աշխատում: Երեխաներն այս տարի հագուստի և գրենական պիտույքների բացակայության պատճառով դպրոց չեն հաճախել, զուրկ են նաև մանկական զբաղմունքներից և խաղալիքներից, իսկ տատիկը արցունքներն աչքերին պատմում է, որ ամսական 28.000 դրամ նպաստը նույնիսկ ամբողջ ամսվա չոր հացին չի բավականացնում, իսկ երեխաները քաղցրավենիքի և հացից բացի այլ սնունդի համը ամիսներով չեն էլ զգում: Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի սիրահար են, սակայն հոսանք և հեռուստացույց չունենալու պատճառով չեն կարողանում խաղերը նայել: Ընկերներ ջան, այս ընտանիքին այցելելու ենք այս կիրակի: Ինչպես հասկացաք ամեն ինչ էլ հարկավոր է՝ հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ, անկողնային պարագաներ, սառնարան, հեռուստացույց, երեխաների համար զբաղմունք, գնդակ, հեծանիվ և այլ խաղալիքներ, սնունդ որքան հնարավոր է և ցանկացած տեսակի, կոնֆետներ և այլ քաղցրավենիք երեխաների համար և առհասարակ այն ամենը, ինչ ձեր կարծիքով անհրաժեշտ կլինի նրանց առօրյան փոքր-ինչ թեթևացնելու համար: Մեր վերաբերմունքով գոնե փոքր-ինչ հավատ ներշնչենք նրանց ապագայի նկատմամբ և թող իմանան, որ այս աշխարհում նրանք ՄԵՆԱԿ ՉԵՆ: Հարցերի դեպքում խնդրում եմ գրել անձնական նամակով, շնորհակալություն:

hartak.am