Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից 2 օր անց դեռ պարզ չէ, թե ինչ տեսք է ունենալու նոր կառավարությունը։ Մեկ բան միայն կարելի է հաստատ ասել. Էրդողանի իսլամիստական պահպանողական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարանում կորցրեց բացարձակ մեծամասնությունը եւ այս պահին կոալիցիոն գործընկերոջ կարիք ունի։ Այս մասին Tagesschau գերմանական պարբերականում հրապարակած հոդվածում գրում է հոդվածագիր Թոմաս Բորմանը։

Այս քվեարկությունը նաեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իշխանության նկատմամբ հավակնություններին դեմ եւ կողմ քվեարկելու հնարավորություն էր։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ցանկանում էր խորհրդարանում հավաքել ձայների 2/3-ը, որպեսզի բավարար ուժ ունենա Սահմանադրությունը փոխելու եւ նախագահի իշխանությունը ընդլայնելու համար։ Սակայն թուրք ընտրողը այդ պլանների դեմ քվեարկեց։ Էրդողանի կողմնակիցները ձայների մոտ 41 տոկոսով չկարողացան ստանալ խորհրդարանում տեղերի անգամ կեսը, շարունակում է հեղինակը։

Սակայն կուսակցության առաջնորդ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի ցանկանում խոսել պարտությունից եւ նշում է, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն առաջվա պես Թուրքիայի ամենաուժեղ քաղաքական կուսակցությունն է։ «Մեր կուսակցությունը նաեւ այս ընտրություններում հաղթող դուրս եկավ։ 13 տարի շարունակ դա այդպես է եղել։ Նախկինում մենք արդեն գրանցել ենք հաջողություններ եւ մենք անխոս դեռ նոր եւ ավելի մեծ նվաճումներ ենք ունենալու։ Մենք ոչ մի վայրկյան չենք մտածում դադարի մասին»,- մեջբերում է պարբերականը ընտրություններից հետո թուրք վարչապետի արած հայտարարությունը։

Սակայն, ինչպես գրում է հեղինակը, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հետագա կառավարման համար կոալիցիոն գործընկերոջ կարիք ունի։ Երեք ընդդիմադիր կուսակցություններից պոտենցիալ թեկնածուն կարող է լինել Ազգայնական շարժումը (MHP, Թուրքիայում հայտնի «Գորշ գայլեր»), որը «Արդարություն եւ զարգացում կուսակցության» հետ կարող է ձեւավորել կառավարություն։ Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) կամ «ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» (CHP) դժվար թե Էրդողանի համար կոալիցիոն գործընկերներ լինեն։ Տեսականորեն հնարավոր է, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն կոալիցիայի մեջ, սակայն առանց «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ կառավարություն ձեւավորելն անհնար է, գրում է հեղինակը եւ մեջբերում գերմանական Deutsche Welle գործակալության թուրքական բաժնի խմբագիր Բահա Գյունգյորին, որը Թուրքիայից հայտնում է, որ ընտրությունների արդյունքը իսկական ֆիասկո էր Էրդողանի եւ Դավութօղլուի համար։

«Առանց կոալիցիա ձեւավորելու անհնար է արդյունավետ ղեկավարող կառավարություն կազմել։ Սակայն դժվար է պատկերացնել, թե որ մի քաղաքական ուժը կցանկանա Էրդողանի AKP-ի հետ կոալիցիա կազմել։ Սոցիալ դեմոկրատական կողմնորոշում ունեցող «Ժողովորդա-հանրապետական կուսակցությու՞նը»։ Դժվար թե։ Ընդդիմությունում նվաստացուցիչ բանակցային անգործունակությունից հետո նրանք դժվար թե կարողանան մեծամասնության ներկայացուցչի դերում հանդես գալ։ «Ժողովորդա-հանրապետական կուսակցությունը» կողմ է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բարեփոխումների շարունակմանը, եւ Էրդողանի կրոնական ու պահպանողական ուժերի համար նա՝ որպես գործընկեր, հաշվից դուրս է։

Իր հերթին Ազգայնական շարժման ղեկավար Դեվլեթ Բահչելին ընտրությունների երեկոյան մերժել էր կոալիցիա ձեւավեորելու ցանկացած գաղափար։

Ինչ վերաբերում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը», ապա նրանք այս ընտրությունների միակ հաղթող ուժն են։ Այս ուժը, որին Էրդողանը որակել էր որպես հայերի եւ նույնասեռականների կուսակցություն, կարողացավ հաղթահարել անցողիկ 10 տոկոսի շեմը։ Եվ այդ հաջողությունը նրա գրանցեց նախագահ Էրդողանի համակարգի հետ համագործակցելուց հրաժարվելու շնորհիվ։ Ուստի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ կոալիցիա կազմելը քրդական կուսակցության համար հղի է մեծ վտանգներով։

Այսպիսով՝ Թուրքիան ներկայումս ներքաղաքական շատ անկայուն ժամանակներ է ապրում, եւ դրանում վերջին դերը չի խաղում այն հանգամանքը, որ այս տարի երկիրը ստիպված է լինելու կանգնել արտահերթ ընտրությունների անհրաժեշտության փաստի առաջ»,- եզրափակում է թերթը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 40.8 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովորդա-հանրապետական կուսակցությունը» (CHP) ՝ 25 տոկոս, Ազգայնական շարժումը (MHP)՝ 16.3 տոկոս, իսկ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP)՝ 13,1 տոկոս:

news.am