Էլեկտրաէներգիայի բարձրացումը կասեցնելու պահանջով Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների եւ կենդանի պատ կազմած պատգամավորների, մշակույթի գործիչների միջեւ արդեն տարաձայնություններ են առաջացել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պատգմավորներն ու մշակույթի հայտնի գործիչները փորձեցին ակտիվիստներին համոզել հեռանալ Ազատության հրապարակ եւ բացել Բաղրամյան պողոտան, սակայն ապարդյուն (ֆոտոռեպորտաժ):

Ցուցարարներից Անի Նավասարդյանը հայտարարեց, որ իրենք հայտնի մարդկանց կարիքը չունեն, յուրաքանչյուրը եկել է իր համար եւ խորհուրդ տվեց իրենց չհամոզել , եթե չեն ցանկանում մնալ, կարող են հեռանալ:

Ցուցարարներից մեկը վիրավորեց դերասան Հովհաննես Ազոյանին, դերասանը բորբոքվեց, բայց ակտիվիստները նրան հորդորեցին սադրանքի չտրվել։

Այս պահին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը շարունակում է զրուցել ցուցարարների հետ: Հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնեն, բայց ցուցարարները վճռական են տրամադրված:

Նշենք, որ ոստիկաները շղթան նոսրացել է, նաեւ հեռացրել են փշալարերը, սակայն ջրցան մեքենաները դեռ տեղում են: Քիչ առաջ պողոտա ժամանեցին եւ այժմ պատ են կազմում ոստիկանության «Հրեշտակների գումարտակի» անդամները։

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, NEWS.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները, «Արմենիա» ՀԸ լրագրողն ու օպերատորը: Ծեծի են ենթարկվել 1in.am-ի օպերատորները: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18 հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն:

news.am