Ազգային Ժողովում այսօր քննարկվում է Ռուսաստանից 200 միլիոն դոլարի արտոնյալ արտահանման վարկ ստանալու մասին համաձայնագիր, որը, Սերժ Սարգսյանի բնորոշմամբ, օգնելու է Հայաստանին արդիականացնել իր սպառազինությունը: Թե ինչ սպառազինության մասին է խոսքը՝ պաշտոնապես հայտնի չէ, թեև տարբեր աղբյուրներ նշում են, որ խոսքը «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մասին է, որոնք բավական ծանրակշիռ ռազմական և ընդհանրապես ռազմա-քաղաքական գործոն են: «Իսկանդերը», ըստ էության, զսպող հատկանիշով սպառազինություն է, և եթե Հայաստանը ձեռք բերի այդ սպառազինությունը, այսինքն՝ եթե վարկն իսկապես դրան է վերաբերում, ապա, իհարկե, միանշանակ դրականորեն կարելի է գնահատել Հայաստանի այդ ձեռքբերումը, քանի որ այն Բաքվի համար կարող է լայնածավալ ռազմական գործողությունների ուղղությամբ մտադրությունների արգելակի դերակատարում ունենալ: Այնուամենայնիվ, 200 միլիոն դոլար վարկը հարցեր է առաջացնում անգամ այս կապակցությամբ: Ըստ էության, Հայաստանը մի կողմից ձեռք է բերում ժամանակակից սպառազինություն, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի ՀՆԱ-ում արտաքին պարտքի ծավալն ավելանում է ևս 200 միլիոնով», Իսկ քանի որ մենք պարտք ենք մնում Ռուսաստանին, ապա մի գեղեցիկ օր Ռուսաստանը կարող է ինչ-որ մի գույք պահանջել այդ պարտքի դիմաց: Իսկ Ռուսաստանը պատահական պահանջներ չի ներկայացնում, դրանք բոլորը քաղաքական և անգամ ռազմավարական բնույթի են:

Այսպիսով, մի կողմից առաջանում է Ռուսաստանից կախվածության խորացման խնդիր, մյուս կողմից՝ ընդհանրապես արտաքին պարտքի, որն արդեն հասել է ՀՆԱ-ի համեմատ բավական վտանգավոր սահմանների:

Մի քանի շաբաթ առաջ կառավարությունը ԱԺ էր ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով մեծացվում և գրեթե անսահմանափակ էր դառնում արտաքին պարտք վերցնելու հնարավորությունը: Այսինքն՝ իշխանությունները փաստորեն պատրաստվում էին 200 միլիոնին, որը, սակայն, ամենևին էլ վերջինը չի լինելու, անկասկած: Եվ սա հունական օրինակի ֆոնին, որի շուրջ դրամատիկ իրադարձություններ են ծավալվում: Հունաստանն էլ պարտքերը միանգամից չի վերցրել, այլ քառ այլ քայլ: Վերջում պարզվել է, պարզվում է, որ Հունաստանում պարտքն են կերել, իսկ պարտքն էլ կերել է Հունաստանը:

Հայաստանն առայժմ պարտքն է ուտում, ըստ որում՝ Հայաստանի կառավարությունն էլ չի ներկայացնում որևէ տարբերակ, որևէ ծրագիր, որը հույս կտար, որ մի գեղեցիկ օր Հայաստանը կսկսի ուտել իր ստեղծածը, ուտել իր ունեցածը, իր արտադրածը և վերադարձնել պարտքը: Այսինքն՝ հեռու չէ ժամանակը, երբ արտաքին պարտքը կսկսի ուտել Հայաստանը:

Արդեն տեղի է ունենում հոգեբանական բեկումնային զարգացում, այսինքն՝ Հայաստանը հայտնվել է մի սահմանագծին, երբ արտաքին պարտքն արդեն կսկսի պետության համար դառնալ ոչ թե լրացուցիչ ֆինանսական պարտավորություն, որը, ըստ էության, տեսականում հնարավոր է ծառայեցնել զարգացման, այլ դառնում է թմրանյութ, առանց որի այլևս անհնար է, որքան էլ բոլորը գիտակցում են, որ դա վատ է:

Հայաստանը հայտնվել է արտաքին պարտքի հանդեպ հոգեբանական դիմադրության չեզոքանալու սահմանին, և եթե դա տեղի ունենա, եթե հասարակությունը չգտնի ձևը, որով կարգելվի կառավարությանը մեկընդմիշտ վերջ տալ արտաքին պարտքի վրա պահվող տնտեսական քաղաքականությանը, ապա դրանից հետո արդեն անհնար է լինելու փակել ամենակուլ պարտքի բերանը և թույլ չտալ, որ դրան կուլ գնա Հայաստանը:

1in.am