Երեկ՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի 058 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 38-ամյա Արթուր Ավագյանը նշված ավտոմեքենայով Աճառյան պողոտայում՝ «Մուլտի գրուպ» ՍՊԸ-ի բենզալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 28-ամյա Էդգար Սնխչյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վրաերթի ենթարկվածը իրեն պատկանող Opel Zafira մակնիշի 76 CC 076 համարանիշի ավտոմեքենայի ծակված անվադողը փոխելիս է եղել, երբ Toyota-ով վրաերթի է ենթարկվել. «Մենակ էն տեսանք, որ Toyota-ն բազեի նման թևերը բացած գալիս էր դեպի Երևան: Ընենց խփեց էդ ջահել տղուն, որ հազիվ կարողացանք տեղում օգնություն ցուցաբերենք ու արդեն շտապ օգնությունը էկավ ու նրան տեղափոխեց Մասիվի հիվանդանոց: Լավ էր՝ Մասիվի բժիշկները օպերատիվ ու ճիշտ գործեցին, ինչի շնորհիվ հնարավոր եղավ փրկել էդ ջահել տղու կյանքը: Իսկ Toyota-ի վարորդը էնքան ուժեղ էր խփել, որ անգամ Opel-ի անիվն էր հետը մոտ մի 40 մետր տարել: Դրանից հետո ավտոն թողել էր ու ինքը անհետացել էր»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էր տեխզննման կտրոնը, իսկ մեքենայի վրա տեղադրված էր օրենքով արգելված գերձայնային համակարգ (դռռիկներ): Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ միայն 1 ժամ հետո է վարորդը ժամանել դեպքի վայր և հավաքվածներին ասել է, թե ինքը շտապ օգնության մեքենայի հետևից գնացել է հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված Toyota-ի համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանին, իսկ վրաերթի հեղինակ Ա. Ավագյանը Կ. Ավագյանի եղբայրն է. ով աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում՝ որպես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր, վրաերթի ենթարկվածն էլ ՍՊԸ-ի տնօրեն է, ով զբաղվում է տորթերի պատրաստմամբ ու առաքմամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com