Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Համլետ Գաբրիելյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Համլետը 2015 թվականի մարտի 19-ին իր ընկերուհու բնակարանում, վերջինիս գունավոր լազերային տպիչի միջոցով պատճենահանման եղանակով պատրաստել է 9 հատ 1000 դրամանոց, 4 հատ 5 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ:
Հաջորդ օրը՝ 2015 թվականի մարտի 20-ի ուշ երեկոյան, Համլետն ընկերոջն առաջարկել է գնալ մարմնավաճառի մոտ ու զվարճանալ:
Երիտասարդները գնացել են Բագրատունյաց պողոտա:
Մոտեցել են մարմնավաճառությամբ զբաղվող Էլմիրա Խ.-ին ու պայմանավորվել են, որ նա 25 հազար դրամով սեռական հարաբերություն կունենա երկու երիտասարդի հետ: Ընդ որում՝ այդ գումարի մեջ մտնում էր նաև հյուրանոցի սենյակի վարձը:
Պայմանավորվելուց հետո եռյակը շատ հեռու չի գնացել, ոտքով քայլել են մի քանի մետր ու հայտնվել են Չեխովի 30 հասցեում գործող, խոստումնալից անունով՝ «Բաղնիք» հյուրանոցում:
Ճանապարհին Համլետը 4 հատ 5 հազարանոց ու 5 հատ հազարանոց կեղծ թղթադրամները տվել է մարմնավաճառուհուն: Վերջինս թղթադրամները անփութորեն դրել է պայուսակի մեջ:
4 հատ կեղծ հազարանոց թղթադրամները Համլետը պահել է իր մոտ:
Հյուրանոցում սենյակ են վերցրել: Մատուցողուհին պահանջել է, որ սենյակի վարձը վճարեն սկզբից:
Մարմնավաճառուհին իրեն տրված կեղծ թղթադրամների միջից հանել մի հինգ հազարանոցը:
Համլետն անմիջապես մարմնավաճառուհու ձեռքից վերցրել է թղթադրամը, անձամբ է մոտեցել դռան մոտ կանգնած մատուցողուհուն:
Սենյակում գտնվող մարմնավաճառուհին և Համլետի ընկերը լսել են մատուցողուհու ձայնը, ով ասել է՝ ի՞նչ փող եք տալիս, սա կեղծ է:
Մարմնավաճառուհին անմիջապես հանել է իր մոտ եղած թղթադրամները՝ քսան հազար դրամ ընդհանուր գումարը, և տեսել է, որ իր մոտ եղած թղթադրամներն էլ են կեղծ:
Համլետը նրանց ասել է, թե ինքն էլ է խաբվել, այդ թղթադրամները, իբր, իրեն տվել են բուքմեյքերական գրասենյակում:
Երբ դուրս են եկել հյուրանոցից, Համլետն ու մարմնավաճառուհին «պատահաբար» հանդիպել են նաև փողոցում, իսկ քիչ անց նրանց են մոտեցել ոստիկաններն ու երկուսին էլ բերման են ենթարկել ոստիկանություն:
Համլետ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ իսկական փողով…
Դատարանում ցուցմունք տվեց Համլետի ընկերը, ում հետ Համլետը կեղծ թղթադրամներով հանդերձ այցելել էր մարմնավաճառուհուն:
Ընկերոջ նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև հակասություններ առաջացան, դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքները ևս:
Մի դեպքում վկան հայտնել է, թե Համլետն իրեն ասել է, որ մոտը կեղծ թղթադրամներ կան, ուզում է գնալ մարմնավաճառուհու մոտ ու «պատժել» նրան:
Մյուս դեպքում վկան հայտնել է, թե Համլետն ասել է, որ մոտը կեղծ թղթադրամներ կան, ու առաջարկել է մարմնավաճառուհու հետ գնալ զվարճանալու:
Ըստ վկայի՝ ինքը լուրջ չի ընդունել Համլետի ասածը՝ կեղծ թղթադրամների վերաբերյալ, մտածել է, թե նա կատակ է անում:
Երբ երեքով՝ արդեն մարմնավաճառուհու հետ միասին, մոտենում էին հյուրանոցին, Համլետը մեկ անգամ էլ է ընկերոջն ասել, որ իր մոտի թղթադրամները կեղծ են: Այս անգամ վկան հավատացել է ընկերոջը, բայց կեղծ թղթադրամներն արդեն մարմնավաճառուհու պայուսակում էին:
Հյուրանոցում մատուցողուհին առաջարկել է նախապես վճարել սենյակի գումարը՝ հինգ հազար դրամը: Մարմնավաճառուհին հանել է հինգ հազար դրամ, Համլետն անմիջապես նրա ձեռքից վերցրել է թղթադրամն ու գնացել է դեպի դռան մոտ կանգնած մատուցողուհին:
Սենյակում գտնվող վկան լսել է մատուցողուհու ձայնը՝ էս ի՞նչ փող եք տալիս, կեղծ է:
Երբ պարզվել է, որ մարմնավաճառուհուն տրված բոլոր թղթադրամները կեղծ են, եռյակը դուրս է եկել հյուրանոցից…
Վկան ասաց, թե առաջին անգամ էր գնում հյուրանոցում մարմնավաճառուհու հետ զվարճանալու, բայց հերթական հարցին պատասխանելով՝ սկսեց բացատրել, թե ինչ կարգով են գործում նմանատիպ հյուրանոցները…
Դատարանը լսեց նաև որպես վկա հանդես եկող մարմնավաճառուհի Էլմիրային:
Էլմիրան Շենգավիթի դատարանում իրեն օտար չի զգում: Վերջերս նա իր մայրիկի ու ընկերուհիների հետ դատվում էր այս դատարանում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում խուլիգանություն կատարելու համար: Նույնիսկ կարճ ժամանակով ազատազրկվեց, բայց ազատություն վերադառնալով՝ նորից բռնել է հանգույն մասնագիտության փեշից:
Հիմա Էլմիրան, դատարանի դահլիճ մտնելով, հին ծանոթի պես կանգնեց վկայի տեղում՝ ամբիոնի մոտ: Ասաց, թե 2015 թվականի մարտի 20-ի դրությամբ ինքն զբաղվում էր մարմնավաճառությամբ: Այդ օրը կանգնած էր Բագրատունյաց պողոտայում, երբ իրեն են մոտեցել երկու երիտասարդներ՝ Համլետն ու նրա ընկերը:
Էլմիրան ասաց, թե հնարավոր է՝ Համլետին նախկինում էլ տեսած լինի, սակայն ստույգ ասել չի կարող, պարզապես չի հիշում, ո՞նց հիշի…
Էլմիրան պայմանավորվել է, որ երկու երիտասարդներին կսպասարկի 20 հազար դրամով, 5 հազար դրամն էլ վերցրել է, որ հյուրանոցի սենյակի համար վճարեն:
Ճանապարհին Համլետը Էլմիրային է տվել թղթադրամները, իսկ նա չի էլ հաշվել և ուշադիր չի նայել: Վստահե՜լ է: Թղթադրամները ծալել ու դրել է պայուսակի մեջ:
Հյուրանոցում սենյակ են վերցրել, մատուցողուհին անմիջապես հարցրել է՝ որևէ բան պատվիրելո՞ւ են: Երիտասարդները պատասխանել են, որ չեն պատվիրելու: Եկել են զուտ «գործնական» նպատակով:
Մատուցողուհին ասել է, թե պետք է նախապես վճարեն սենյակի համար, որ «կասան փակեն»:
Ըստ մարմնավաճառուհու՝ կարգն այդպես է՝ եթե հաճախորդները որևէ բան չեն պատվիրում, սենյակի համար վճարում են անմիջապես: Ու, եթե հաճախորդները ոչինչ չեն պատվիրում, մատուցողուհին սենյակ չի մտնում, սպասում է դռան մոտ: Այդպիսի կարգուկանոն է…
Մատուցողուհին, ուրեմն, մնացել է դռան մոտ, մարմնավաճառուհին պայուսակից հանել է հինգ հազարանոց մի թղթադրամը՝ Համլետի տվածներից, ցանկացել է հանձնել մատուցողուհուն, բայց Համլետն անմիջապես թղթադրամը վերցրել է մարմնավաճառուհու ձեռքից ու անձամբ է գնացել դեպի մատուցողուհին:
Հետո Էլմիրան ու Համլետի ընկերը լսել են կեղծ թղթադրամը չվերցնող մատուցողուհու խոսքերը: Էլմիրան ստուգել է իր թղթադրամները, դրանք պաշտպանիչ ժապավեն չունեին, Էլմիրան նույնպես հասկացել է, որ իրեն տրված թղթադրամները կեղծ են:
Համլետն ասել է՝ կներեք, ես էլ եմ խաբվել: Նա վերցրել է թղթադրամները, բոլորը դուրս են եկել հյուրանոցից:
Հետո, ըստ Էլմիրայի, ինքը փողոցում պատահաբար նորից տեսել է Համլետին, ով նույնիսկ ներողություն է խնդրել, որ այդպես է ստացվել: Բայց Էլմիրան չի հասցրել հավուր պատշաճի պատասխանել այդ «ասպետական» ներողությանը, որովհետև մոտեցել են ոստիկաններն ու նրանց տարել են ոստիկանություն: Էլմիրային պահել են երեք ժամ ու բաց են թողել՝ պարզելով, որ նա կեղծ թղթադրամների հետ առնչություն չունի:
Հարցաքննվելուց հետո Էլմիրան թեթևաքայլ դուրս եկավ դահլիճից:
Հաջորդ նիստին դատարանը կհարցաքննի հյուրանոցի մատուցողուհուն, ով փողի նկատմամբ իր ուշադիր վերաբերմունքով ոչ միայն զերծ էր մնացել կեղծ փող վերցնելուց, այլ նաև Էլմիրային էր «ազատել» երկու երիտասարդին ձրի սպասարկելու տհաճությունից ու կեղծ թղթադրամները պայուսակում ունենալու անուրախ իրավիճակից: