Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Արտյոմ Ղ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 29-ամյա Արտյոմը, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, 2014 թվականի դեկտեմբերին վարձակալել է Երևանի Պռոշյան 40 հասցեում գտնվող շինությունը, հիմնել է «Ջեմմի» մերսման սրահը, որտեղ որպես մերսուհիներ աշխատանքի է ընդունել Դիանա Ղ.-ին ու Մելինե Խ.-ին:

Մերսման սրահում հաճախորդներ ապահովելու նպատակով Արտյոմը մերսուհիների հետ պայմանավորվել է, որ մերսվող հաճախորդների ցանկության դեպքում նրանք կատարեն նաև սեքսուալ գործողություններ, իսկ ստացված գումարը բաժանեն միմյանց միջև:

«Ջեմմի» սրահը, ըստ դատական ակտի, այս կարգով աշխատել ու Արտյոմ Ղ.-ին գույքային օգուտներ է տվել տոնական ժամանակահատվածում՝ 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2015 թվականի հունվարի 15-ը:

Այսպես, ըստ դատական ակտի, Արտյոմ Ղ.-ն նպաստել է մերսուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն, դրա համար ստեղծել ու ղեկավարել է հաստատություն:

Բացի այդ, սրահում աշխատել է ևս մի մերսուհի՝ Սիման, ում Արտյոմը նույնպես առաջարկել է հաճախորդներին ոչ միայն պարզապես մերսել, այլև սեքսուալ գործողություններով հաճույք պատճառել, աշխատած գումարներն էլ կիսել, բայց մերսուհին Արտյոմի առաջարկը մերժել է:

Քրեական գործը հարուցվել է 2015 թվականի փետրվարի 25-ին: Արտյոմ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար հաստատություն ստեղծելու և ղեկավարելու, պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Արտյոմն իրեն մեղավոր է ճանաչել, գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի առել, որ Արտյոմի խնամքին է վեցամյա երեխան, Արտյոմն ընտանիքի միակ կերակրողն է:

Արտյոմ Ղ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար ու դատապարտվել է 3 տարի ազատազրկման՝ մերսման բնույթի ծառայություններ մատուցելու հետ կապված գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 2 տարի ժամկետով:

Արտյոմի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Պայմանական դատապարտությունը վերաբերում է միայն հիմնական պատժին՝ ազատազրկմանը, իսկ լրացուցիչ պատիժը՝ մերսման բնույթի ծառայություններ մատուցելու հետ կապված, ամբաստանյալը պետք է կրի, և այն կհամընկնի հենց երկամյա փորձաշրջանի հետ:

1in.am