Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-23:00-ի սահաններում, կրակոցներ են արձակվել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցի բնակելի շենքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ տուն եւ երկու բնակարան է վնասվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը՝ հիմնականում վնասվել են պատուհանները եւ տանիքը, տուժածներ չկան։

«Չեմ կարող ասել՝ ինչ տեսակի զենք են կիրառել, բայց խոշոր տրամաչափի չեն եղել, որովհետեւ բեկորային վնասվածքներ են հասցվել: Փամփուշտները վնասել են պատուհանները եւ մտել տուն: Բնակիչներն այդ սենյակում չեն եղել, որտեղ փամփուշտներն անցել են, մարդկային վնաս չի եղել: Մյուսը ուղղակի տանիքին է կպել, որոշ մասեր վնասել»,-ասաց քաղաքապետը:

Յուրա Ավալյանը նշեց, որ քաղաքապետարանում կազմված հանձնաժողովն ուսումնասիրում է պատճառված վնասի չափերը, եւ անհրաժեշտության դեպքում ֆինանսական աջակցություն կցուցաբերի ադրբեջանական կողմի կրակոցներից տուժած բնակիչներին:

Քաղաքապետի խոսքով՝ Ճամբարակի բնակելի տների ուղղությամբ կրակոցներ քիչ են լինում, վերջինը 4 ամիս առաջ է արձանագրվել:

Յուրա Ավալյանը նշեց, որ կրակոցները հիմնականում դիրքերի ուղղությամբ են լինում, եւ նույւնիսկ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների դեպքում բնակիչները երբեք խուճապի չեն մատնվում:

«Բնակիչներն այդ կրակոցներին սովոր են: Նրանք եւ հոգեբանական, եւ մարտական առումով պատրաստ են»,- ասաց քաղաքապետը:

news.am