Թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքը խախտելը հստակ մեսիջ էր պարունակում։ Դա ցույց տվեց մեր պաշտպանական համակարգի խոցելիությունը։ Այս մասին հոկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը։
Նրա խոսքով, եթե անգամ դա պատահականություն էր, կարեւոր է, թե ինչպիսին է եղել արձագանքը։ «Այսինքն՝ ռուսական պաշտպանական համակարգը չի կարողացել ժամանակին գործել։ Ցանկացած պահի կարող են մտնել եւ կրակ բաց թողել Հայաստանի տարածքում։ Եթե համապատասխան տարածք լիներ, որպեսզի ուղղաթիռը կարողանար գոնե 20 րոպե թռիչք իրականացնել, նախքան կենսապահովման կենտրոններին հասնելը, մենք չէինք հասցնի կանխել։
Այստեղ ռուսական կողմը մեղավոր է, որ այդքան էլ լավ չի աշխատել։ Հակաօդային պաշտպանություն իրականացնելով՝ ռուսական կողմը պետք է նախօրոք վերահսկեր թուրքական կողմի այդ թռիչքները եւ պատրաստ լիներ համապատասխան կանխարգելիչ միջոցների։ Ես անգամ չտեսա ՀՀ ԱԳՆ համարժեք արձագանքը միջադեպին, չէ որ առաջին հերթին դա քաղաքական հարց է»,- ասել է Արա Պապյանը։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ թուրքական ռազմական ուղղաթիռը 2-4 րոպե տևողությամբ խախտել էր հայ-թուրքական սահմանը։
Ժամանակ թերթը հայտնում էր, որ թուրքական ռազմական ուղղաթիռների սահմանը խախտելու փաստին արձագանքել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Գյումրիի 102–րդ ռազմաբազայի ավիացիոն մասի զինվորականները։ Թուրքական ուղղաթիռի սահմանը հատելու մասին ազդանշանը ստանալուց անմիջապես հետո օդ է բարձրացել ռուսական MиГ-29 օդանավը, սակայն թուրքական ուղղաթիռն այնքան կարճ է գտնվել ՀՀ օդային տարածքում, որ ռուսական օդանավը չի հասցրել համապատասխան գործողություններ կատարել։