ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից զինադադարի ռեժիմը խախտողին բացահայտելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտողի կողմից նոր սադրանքների իրականացնումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ըստ որի, իրենք չեն կարող հստակ նշել, թե որ կողմից են կրակում:
«Միջնորդների կողմից զինադադարը խախտողին բացահայտելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտողի կողմից նոր սադրանքների իրականացումը»,-գրել է Շավարշ Քոչարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որտեղ նրանք նշել են. «Շփման գիծը հատելու սովորական գործընթացից անմիջապես հետո համանախագահների ուղղությամբ անհայտ կողմից կրակոցներ են արձակվել՝ ստիպելով նրանց պատսպարվել: Կողմերը պարտավորություն էին ստանձնել՝ ապահովել դիտարկում իրականացնող անձնակազմի անվտանգությունը: Այս միջադեպը հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը կանխելու փորձ է: Այն նաեւ ընդգծում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ԵԱՀԿ կողմից ուսումնասիրելու անհրաժեշտությունը»: