Երեւանում նոյեմբերի 25–ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից Արթուր Եղիազարյանը, որը Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչ է, արդեն 1 ամիս է Երեւանում էր մնում, տանն էլ ասել էր, որ ընկերների հետ գրասենյակ են բացել եւ բանջարեղեն են արտահանելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը:

«Ամբողջ գյուղը շոկի մեջ է, խելոք տղա էր, ոչ ոք նման բան չէր սպասում, թե ով խաբեց իրան, դրդեց նման քայլի, անհասկանալի է: Մի ամիս է, որ սկսել էր հաճախակի բացակայել տնից, Երեւանում մնալ: Ասել էր օֆիս են բացել, բանջարեղեն են արտահանելու: Դժվար ապրող ընտանիք ունի, 2 անչափահաս երեխաների հայր է»,-ասաց Գառնիկ Ծատուրյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի:

Նշենք, որ ԱԱԾ-ի փոխանցմամբ, ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

news.am