ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 4-ամյա երեխայի՝ էլեկտրահարվելու հետեւանքով մահանալու դեպքի հանգամանքները: Անզգուշությամբ երեխային մահ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Երեւանի բնակիչ, 59-ամյա Ռ.Միքայելյանին:

2015թ. հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել, որ նույն օրը «էլեկտրահարություն» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 4 տարեկան տղան, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:

Քննությամբ պարզվել է, որ երեխան էլեկտրահարվել է Շինարարների 29 շենքի բնակիչներից մեկի կողմից շենքի բակում գտնվող ավտոտնակի տանիք բնակարանից տարված հոսանքալարով:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոտնակ իր բնակարանից օդային ճանապարհով էլեկտրական հաղորդալարի միջոցով էլեկտրականություն է անցկացրել նույն շենքի բնակիչ Ռ.Միքայելյանը։

Նախնական քննության տվյալներով՝ էլեկտրականությունն անցկացնելու ընթացքում չեն պահպանվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 358-Ն որոշմամբ հաստատված՝ «Էլեկտրական էներգիայի մատակարարման եւ օգտագործման» կանոնների պահանջները, ինչպես նաեւ՝ ՀՀ կառավարության 4 տարբեր որոշումներով հաստատված տեխնիկական կանոնները:

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մինչեւ երեխայի էլեկտրահարվելը՝ 2015 թվականի հունիսի 4-ը, Ռ.Միքայելյանը չի դիմել համապատասխան իրավասու մարմիններին՝ նշված հոսանքալարը կառավարության որոշումներով հաստատված տեխնիկական պայմաններին համապատասխանեցնելու համար:

Արդյունքում՝ 2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, 4-ամյա Արենն իր ավագ եղբոր՝ 6-ամյա Արթուրի եւ նույն շենքի բնակիչ մեկ այլ երեխայի հետ բարձրացել են նշված ավտոտնակի տանիք՝ խաղալու: Իջնելիս 4-ամյա երեխան ձախ դաստակով բռնվել է ավտոտնակի կանգնակի ներքեւի մասում գտնվող վնասված մեկուսապատվածքով հաղորդալարերի կտորների միացման հատվածից, որը գտնվել է 220Վ լարման տակ, որի հետեւանքով երեխան էլեկտրահարվել է եւ մահացել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռ.Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ մահ պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել դատարան։

news.am